Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, Երևանն այդ թանգարանի միսն ու արյունն է, չխամրող գանձն այդ թանգարանի։ Հին է Երևանը, բայց ոչ հնացած․ հնի ու նորի ճարտարապետական  մի ուրույն  միահյուսում՝  ժամանակակից բարձրահարկերից մինչև սև քարերից շինված հին Երևան։

Արդեն Երևանու՞մ  եք։ Ուրեմն սկսեք Ձեր ծանոթությունը Երևանի սրտից ու հպարտությունից՝ Մատենադարանից, հայոց հին ձեռագրերի ու փաստաթղթերի աշխարհի մեծագույն պահոցից։ Այստեղ են ի մի բերված հին ու միջնադարյան հայ մտածողների ու փիլիսոփաների մտքի թռիչքներն ամփոփող աշխատություններն ու հայի կյանքի հարատևության «կենդանի» վկայությունները։

Թանգարաններով հարուստ է Երևանը․ լինել Երևանում և չայցելել քաղաքի պատմության թանգարան«Էրեբունի» պատմամշակութային արգելոց, բազում գրողների, արվեստի գործիչների, նկարիչների տուն-թանգարաններ, նշանակում է չլինել Երևանում, չշփվել սարյանական հրաշք գույներին, ունկնդիր չլինել Խաչատրյանի աստվածային մեղեդուն։ Ահա իսկ  այցելությունը «Ձորագյուղ»  ազգագրական թաղամասում գտնվող Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան մի տեսակ պարտավորեցնող է յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար՝ հասկանալու, գնահատելու Փարաջանով ստեղծագործողի, մարդու, քաղաքացու և պարզապես հայի տեսակի բարդ ու հակասական  կերպարը։

Երևանում Ձեզ հաճույք կպատճառեն այցելությունները գեղեցիկ ու խնամված երևանյան զբոսայգիներ՝ Հաղթանակի զբոսայգի, Օղակաձև զբոսայգի, Կոմիտասի անվան պանթեոն, ուր ամփոփված են մի շարք հայ մեծերի աճյուններ։ Հետաքրքիր անակնկալներով կուղեկցվի Ձեր այցելությունը հայտնի գործարար Վարդանյան ընտանիքի միջոցներով վերջերս վերանորոգված Վարդանյանների անվան զբոսայգի, որտեղ Ձեր հաճելի անդորրը կվայելեք հայտնի շատրվանների  մեղեդու շուրջ։

Իսկ ահա Ծիծեռնակաբերդի բարձունքում , որպես հայի ազգի հարատևության խորհրդանիշ,  վեր խոյացող հուշակոթող-համալիրում և ցեղասպանության թանգարանում կծանոթանաք ցեղասպանություն ապրած աշխարհում առաջին ազգի պատմության այդ դաժան շրջանի վկայություններին։ Հաղորդակից կլինեք հայ ժողովրդի ապրելու անսահման ձգտմանը, հույսին ու հավատին, ինչն էլ պահպանեց այս զարմանալի ազգին ու տվեց թռիչք մարդկության պատմության քառուղիներում։

Երևանու՞մ եք, ուրեմն անպայման այցելեք  «Արարատ գինու-կոնյակի-օղու կոմբինատ», որտեղ համաշխարհային կոնյակագործության չափանիշներին համապատասխան հայկական արևահամ խաղողից արտադրվում է Հայաստանի բրենդը՝ անմահական կոնյակը։

Բիբլիական Արարատ լեռը նվիրական  ու սուրբ է հայերի համար, և կյանքն էլ, նրա իմաստն  էլ մի տեսակ պայմանավորված են այդ լեռով։  Երևանի տարբեր մասերից Արարատը երևում  է տարբեր կերպ։ Բայց Կասկադի բարձունքից այն ընկալվում է լրիվ այլ կերպ․ թվում է ձեռքդ պարզես,  կգրկես լեռն ամբողջությամբ։ Թամանյանի արձանի ետնամասով կարելի է բարձրանալ Կասկադի բարձունք։ Այդ ճանապարհին կհանդիպեք Գաֆեսճյան արվեստի կենտրոնին, որը հիշեցնում է արվեստի պատկերասրահ։ Թանգարանի խանութներից կարող եք ձեռք բերել  արվեստի յուրահատուկ ապրանքանմուշներ աշխարհի տարբեր ծագերից։  

Կասկադի վերին մասում է գտնվում  Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, ուր ազնավուրյան  երգերի մեղեդիները կախարդական պահեր կպարգևեն Ձեզ։ Այստեղ կարող եք ներկա լինել տարբեր համերգների, ցուցահանդեսների։

Հանրապետության հրապարակի երգող շատրվանները նրբաճաշակության մի ուրույն ցուցիչ են։ Երբեք չես հագենում  հիասքանչ երաժշտության  ելևէջներին համահունչ  շատրվանների վայրիվերումների անզուգական պարը դիտելուց։

Երևանը լի է  սնվելու ամենատարբեր կետերով․ ռեստորաններ, բիստրոներ, պանդոկներ, կաֆեներ՝ ամեն ճաշակի և նրբաճաշակ քիմքի համար։ 

Հետաքրքիր է նաև երևանյան գիշերային կյանքը, որն ակտիվանում է կեսգիշեն անց և շարունակվում մինչև լուսաբաց․ տարատեսակ մյուզիք հոլեր, կարաոկեներ պատրաստ են սպասարկել ամենաքմահաճ այցելուին։ 

Երևանը նաև երեխաներինն է։ Նրանք ունեն իրենց սիրելի վայրերը՝ Կենդանաբանական այգին, Երևան պարկը, Ջրաշխարհը, որտեղ բացի հանգստանալուց կարող են վայելել և անհավատալի ատրակցիոններ, մասնակցել հետաքրքիր խաղերի։

Իսկ եթե անհրաժեշտ է գնումներ կատարել կամ պարզապես վայելել շոփինգը՝ կարող եք այցելել Երևանի հայտնի առևտրի կենտրոնները և մոլերը, որտեղ կգտնեք ցանկացած ճաշակին հարմար բրենդային և նորաձև հագուստ և ապրանքներ: