Մատենադարան
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Երևանում և Ձեզ է ներկայացնում հնագույն և բացառիկ ձեռագրերի հավաքածուներ: Այն համարվում է «Ազգային հիշողության պահպանման և զարգացման» ամենակարևոր վայրերից մեկը: Մատենադարանի թանգարանային համալիրը բաղկացած է 15 ցուցասրահներից, որոնցում ներկայացված են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի՝ շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են և′ ամբողջական ձեռագրեր, և′ ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ, ինչպես նաև օտարալեզու ձեռագրեր:
Այն ներկայացնում է հայոց մշակույթը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի գյուտից (405 թ.) մինչև XVIII դար: Ներկայացված են հին հայերեն թարգմանություններ, միջնադարյան գիտության և արվեստի բոլոր բնագավառներին վերաբերող աշխատություններ, նվիրատվություններ, ինչպես նաև միջնադարյան հայկական մանրանկարչության և կազմերի նմուշներ: Արևելյան ձեռագրերի սրահում այցելուները ծանոթանում են պարսկերեն, արաբերեն, օսմաներեն, աֆղաներեն, ուզբեկերեն ձեռագրերի հետ, որոնց քանակը Մատենադարանում անցնում է 3.000-ից: Դրանք կրոնական, պատմագրական, փիլիսոփայական, բժշկական, խրատական աշխատություններ են, միջնադարյան սիրավեպեր և պոեմներ, ինչպես նաև արևելյան մանրանկարչության և գեղագրության հրաշալի նմուշներ: