Երևանի պատմության թանգարան
Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և կոչվել էրեբունի, իսկ հետագայում՝ Երևան։ Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ.: Լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ սկզբում կոչվել է Կոմունալ թանգարան, իսկ 1936թ. վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 56 տարի: 1994-1997թթ. գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի, իսկ 1997-2005թթ.` Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում: 2005թ. հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում` քաղաքապետարանի հետ կազմելով միասնական ճարտարապետական համալիր:Թանգարանին կից գործող գիտական խորհրդի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ: Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող շուրջ 94 հազար առարկա. հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, այդ թվում՝ Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։