Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
1995 թ. ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 80-ամյա տարելիցին, բացվեց Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտը՝ կազմելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի չորրորդ բաղկացուցիչ մասը: Թանգարանին տրվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ: Ցեղասպանության թանգարանի առաջին տնօրեն է նշանակվում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի տեղակալ Լավրենտի Բարսեղյանը (1998 թ.-ից պատմական գիտությունների դոկտոր): Թանգարանի շինարարությունն իրականացնում է «Հայքիմշին» տրեստը՝ պետական միջոցներով, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական ներդրումներով: Ճարտարապետներն են Սաշուր Քալաշյանն ու Լյուդմիլա Մկրտչյանը, քանդակագործը՝ Ֆերդինանդ Առաքելյանը: Շինարարական աշխատանքներն ընթանում էին 2 փուլով: Առաջին փուլի ավարտին՝ 1995 թ., ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտոնապես բացվում է թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը: Հադիսավոր բացմանը խոսք է տրվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ին, ով օրհնելով գաղափարն առաջարկողներին, գաղափարակիրներին, իրակացնողներին, բարերարներին, թանգարանին է հանձնում Տեր-Զորի անապատից բերված հայ նահատակի հուշային մասունք: Թանգարանի վերջնական բացումը տեղի է ունենում 1995 թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի օրը: Թանգարանի ցուցադրական տարածքը ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր: Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքստային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա: