Ես երբեք չէի մտածել, որ իմ հայրենի քաղաքում անցկացրած մեկ սովորական օրն ամբողջությամբ կփոխի քաղաքն ընկալելու իմ ձևը։ Նախ և առաջ, երբ պատրաստվում ես առաջին անգամ օտարերկրյա հյուրերի հետ քաղաքային տուրի մասնակցել, չգիտես թե ինչպես քեզ պահես, ինչ ասես, երբ հանդիպում ես մարդկանց, որոնց երբեք չես տեսել։ Գլխումդ շատ տարբեր գաղափարներ են ծնվում՝ ինչպես սկսես, ինչպես ներկայացնես քեզ, որպեսզի նրանք իրենց անհարմար չզգան։ Սակայն ամենակարևորը՝ ընկերական և բարեհամբույր լինելն է։ Օտար քաղաքում հայտնվելը, որտեղ լեզուն չես հասկանում և ճանապարհներն անծանոթ են, կարող է իսկապես վախեցնող լինել։

 

Քաղաքը բարձրությունից ՝ Մայր Հայաստան

Մեր տուրը սկսվեց «Իմպերիալ» հյուրանոցից դեպի մեր առաջին կանգառը՝ Հաղթանակի զբոսայգի։ Այստեղից բոլորը կարող էին տեսնել քաղաքի գեղեցկությունը։ Այստեղ նաև գտնվում է «Մայր Հայաստան» արձանը և  «Մայր Հայաստան» թանգարանը։ Այստեղ բոլորը ցանկացան լուսանկարվել որպես հուշ։ Բացի այդ, այստեղ է հավերժական կրակը, որը նույնպես հետաքրքրեց հյուրերին, և նրանք ցանկացան լուսանկարվել դրա մոտ։ Ապա մտանք թանգարան, հանգիստ շրջեցինք սրահներով ու ծանոթացանք ցուցադրությանը՝ ընկղմվելով յուրաքանչյուր պատմության ու մանրուքի մեջ։ Սակայն ամենատպավորիչը ոչ միայն ցուցադրությունն էր, այլ մարդկանց վերաբերմունքը։ Հյուրերի ջերմությունն ու հարգալից պահվածքը նկատելի էին բոլորին։ Թանգարանի աշխատակիցներն անգամ զարմացած էին՝ տեսնելով, թե ինչպես յուրաքանչյուր այցելու, հեռանալուց առաջ, շնորհակալություն էր հայտնում այս հնարավորության համար։ Այդ վայրից հեռացանք հագեցած զգացումներով ու նոր հիշողություններով՝ շարունակելով մեր ճանապարհը դեպի հաջորդ բացահայտումը։

Mother Armenia

Հուշանվերների որոնում Վերնիսաժում

Հաջորդ նպատակակետը Վերնիսաժն էր։ Այնտեղ միշտ շատ մարդաշատ է լինում, լի հուշանվերներով, նկարներով և ձեռքի աշխատանքներով։ Հյուրերին հատկապես դուր եկան պայուսակներն ու ազգային հուշանվերները, այցը վերածվեց նաև հաճելի գնումների փորձառության ։ Հաճելի էր տեսնել, թե ինչպես են նրանք շրջում` փնտրելով նվերներ ոչ միայն իրենց համար, այլ նաև իրենց հարազատների։ Տաղավարները մեզ համար պարզապես ցուցադրության վայրեր չէին։ Դրանք վերածվել էին հանդիպման ու զրույցի անկյունների, որտեղ ջերմ խոսակցությունները շարունակվում էին թեմայից թեմա։ Այստեղից շարժվեցինք դեպի Հանրապետության հրապարակ։ Ճանապարհը լի էր հետաքրքիր իրադարձություններով՝ զվարճալի խոսակցություններով և, իհարկե, լուսանկարներով։

Vernissage

Քաղաքի սրտում՝ Օպերայի շենք, Հյուսիսային պողոտա և Կապույտ մզկիթ

Այնուհետև այցելեցինք Հյուսիսային պողոտա՝ քաղաքի ամենաշարժուն հատվածը տեսնելու համար։ Տեսանք պատկերազարդ շինություններ, փողոցներում երգող երաժիշտների և շատ այլ հետաքրքիր տեսարաններ։ Ստացվել էր այնպես որ, Սուրբ Վալենտինի օրը մոտ էր, և քաղաքի որոշ մասեր գեղեցիկ ձևավորված էին այդ առիթով։ Այդպիսի դեկորացիաներից մեկն էլ՝ ծաղիկներով, սրտիկներով և սիրո խոսքերով զարդարված ֆոտո խցիկն էր։ Հյուրերին այն այնքան դուր եկավ, որ նրանք ուրախությամբ լուսանկարներվեցին դրա մոտ, ցուցադրելով սերը բոլորին։ Այնուհետև մեր տուրը հասավ Օպերայի և բալետի ազգային թատրոն և Կարապի լիճ, որտեղ մի փոքր քայլեցինք և վայելեցինք մեր ժամանակը։ Ցավոք, ժամանակը սահմանափակ էր, բայց մենք հասցրինք վայելել այն, և շարժվեցինք հաջորդ կանգառ՝ Կապույտ մզկիթ, որտեղ արդեն մոտենում էր աղոթքի ժամանակը։

Opera Hause

Կապույտ մզկիթը ոչ միայն տուրի վերջին կանգառն էր, այլև այն վայրը, որտեղ պետք էր հրաժեշտ տալ միմյանց։ Տուրն ավարտելու պահին մենք բոլորս հասկացանք, որ այդ օրվա ամենարժեքավոր մասը ոչ միայն տեսարժան վայրերն էին, այլ նաև անկեղծ զրույցները մշակույթի, ընտանիքի և ավանդույթների մասին։ Տուրի վերջում ես այլևս չէի զգում տագնապ, քանի որ առաջին անգամ էի այս դիրքում, և ուրախ էի, որ կարողացա իմ քաղաքը ցույց տալ հյուրերին և պատասխանել նրանց բոլոր հարցերին։ Այդ մարդկանց շնորհիվ ես հասկացա, որ օտարերկրացիների համար հյուրընկալ և ուղեցույց լինելը սեփական երկրում շատ կարևոր է։ Մեր բոլոր քաղաքային տուրերը յուրահատուկ են իրենց ձևով, և եթե ցանկանում ես նոր փորձառություն լի տարբեր զգացողություններով, ապա մենք սպասում ենք հենց քեզ:

Blue Mosque