Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Հայ ժողովրդի մեծ զավակ, անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978թ-ին: Այն կոչված է մեծ արվեստագետի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու: Տուն-թանգարանը ստեղծվեց մարշալ Բաղրամյանի պողոտայի և Պլեխանով /այժմ` Զարոբյան/ փողոցի հատման հատվածում գտնվող այն առաձնատան հիման վրա,որ 1947 թ-ին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը:Միահարկ առանձնատունը /ճարտարապետ Մարկ Գրիգորյան/ բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի: Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թ-ի հուլիսի 21-ին` դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք:Նա առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին,որ ստեղծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները: Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մահից հետո` թանգարանի շենքի նախագծային աշխատանքներն ավարտեց ճարտարապետ էդվարդ Ալթունյանը: Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Ա. Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր` ճարտարապետներ Ս. Գյուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում: Առաջին հարկում հուշատունն է, ֆոնդադարանը, գրադարանը, աշխատասենյակները: Ճեմասրահից ոլորապտույտ աստիճանները տանում են երկրորդ հարկ, ուր 10 ընդարձակ և լուսավոր ցուցասրահները նախատեսված են մշտական ցուցադրության համար: Երկրորդ հարկում են նաև ձայնադարանը և համերգասրահը: