Մենք առանձնացրել ենք Ձեզ համար Հայաստանի թոփ 17 վայրերը, որոնք ներառում են հայտնի զբոսաշրջային ուղղություններ և միևնույն ժամանակ դեռևս չբացահայտված և օրիգինալ վայրեր:
1. Ազատի ջրամբար
Այցելեք Ազատի ջրամբար և ստացեք անմոռանալի տպավրություններ:
Երևանից 35 կմ հեռավորության վրա՝ Արարատի մարզում գտնվող Ազատի ջրամբարը հիրավի անջնջելի տպավորություն կթողնի Ձեզ վրա։ Կառուցվել է 1976 թվականին, Ազատ գետի միջին հոսանքում։ Այն ներփակված է լեռների գրկում՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա։ Կառուցվել է Արարատյան դաշտի ոռոգման կարիքների համար, մակերեսը կազմում է 3 քառ կմ։ Իր գեղատեսիլ դիրքով Ազատի ջրամբարն ասես մի կախարդուհի լինի, որ դիտողին գրավում է իր զուլալ ջրերի հայելու կախարդանքով։ Յուրահատուկ տպավորությունն անշրջելի է։
Ազատ գետի աջ ափին՝ կիրճից վերև՝ բարձունքին, հպարտ ու անթարթ, որպես մի հսկա, վեր է խոյանում հայոց հնագույն հեթանոսական տաճարը՝ Գառնին՝ Հայաստանի վաղ շրջանի ամենանշանավոր հուշարձանը։ Գառնին II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով: Հոյակերտ տաճարը տևական ժամանակ որպես ամառանոց է ծառայել թագավորների և նրանց ընտանիքների համար։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից։ Տարիների ընթացքում մասնագետները վերականգնեցին Գառնիի տաճարը, և այսօր այն իր հսկայածավալությամբ, հպարտ կեցվածքով ու չխամրող գեղեցկությամբ հիացնում է դիտողին։
Գեղարդի վանական համալիրն ու ժայռափոր վանքը ևս գտնվում են Ազատ գետի աջ ափին։ Գեղարդն անհավատալի ուժի, անսովոր կամքի մարմնացումն է՝ միակտոր հսկա ժայռի մեջ փորված անձեռակերտ ու ինքնամփոփ մի վանք։ Անունը ստացել է որոշ ժամանակ այստեղ՝ որպես անառիկ ու անմատչելի վայրում, Էջմիածնից պահպանման տեղափոխված ավանդական հայոց սուրբ Գեղարդից։
Ազատ գետի ավազանում Ձեր ուղևորությունը լիարժեք չի լինի, եթե չհաղորդակցվեք գետի կիրճում թափվող հորդահոս քարերին՝ Քարերի սիմֆոնիային։ Նայում ես ու քեզ թվում է՝ հաջորդ ակնթարթում քարերի ջրվեժն իր հորձանուտի մեջ կառնի քեզ ու փետուրի պես կնետի Ազատ գետի ջրերը։ Բայց վերադառնում ես դեպի իրականություն և զմայլվում բնության ստեղծած հրաշքով՝ հսկայածավալ երգեհոն հիշեցնող հուշարձանով, որով բնությունը անդադար հնչեցնում է իր սքանչելի ստեղծագործությունը «Քարերի սիմֆոնիան»՝ որպես մարդու ու բնության ներդաշնակության առհավատչյա։
Իսկ եթե ջիպինգի սիրահար եք, ուրեմն Ազատի կիրճը դրա իրական վայրն է՝ իր ա ռիսկային կեռմաններով ու հրաշք կածաններով։
Էքստրեմալ ու արկածային տուրիզմի սիրահարներին էլ առաջարկվում է հենց այստեղ՝ Ազատի ջրամբարում , վայելել կայակինգի հաճույքը՝ չմոռանալով պահպանել անվտանգ թիավարելու անհրաժեշտ բոլոր հրահանգները։
Հիրավի հագեցած օրվա տպավորություններից հանգստանալիս չմոռանաք վայելել Գառնու ավանդական լավաշն ու ոչ անհայտ հայկական խորիզով գաթան։
2. Գյումրի եւ շրջակայք, Գյումրիի խոհանոց
Հայաստանի ինքնատիպ ու բացառիկ կոլորիտային քաղաքն է Գյումրին․ արհեստների ու արվեստների քաղաք, Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, ինչպես կասեն իրենք՝ սրամիտ ու կատակասեր գյումրեցիները, Հայաստանի հայրաքաղաքը։ Շրջել Հայաստանում և չլինել Գյումրիում, նշանակում է ուտել ճաշն առանց աղի։ Ժամանակին Հայաստանի արդյունաբերության զգալի արտադրանքը բաժին էր ընկնում Գյումրիին, մանավանդ թեթև արդյունաբերության։ Այսօր Գյումրիում կարող եք կատարել փոքր քայլարշավ կամ էքսկուրսիա, վայելել ժամանակակից և հին ու ազգային ճարտարապետության ուրույն համադրությունը, միջնադարում կառուցված եկեղեցիների լռությունը, հաղորդակից լինել մշակույթի ու արվեստի եզակի կոթողների․ Գյումրին հարուստ է պատմական բերդերով ու եկեղեցիներով։ Ի դեպ, քաղաքից ընդամենը 5 կիլոմետրի վրա է գտնվում Շիրակի միջազգային օդանավակայանը։ Ահա իսկ Գյումրիի խոհանոցի մասին լեգենդներ են պատմում։ Գյումրեցիները ինչպես սիրում են ճոխ ու լիաթոք ապրել, այդպես էլ սիրում են սնվել նրբաքիմք ու համադամ կերակուրներով։ Միայն այստեղ կարող եք վայելել գյումրեցի վարպետ խոհարարների ձեռքերով պատրաստված թաթար բորակին, քյուֆթան, քյալլան, պասուց դոլման, փախլավան, շաքարլոխումին և տարատեսակ ուտեստներ, ինչու չէ նաև մասնակցել վարպետաց-դասերի և բացահայտել հայկական խոհանոցի գաղտնիքները։
3. Եղնիկների պուրակ - Դիլիջան, Պարզ լիճ
«Հայկական Շվեյցարիա»․ հաճախ այսպես են անվանում հայտնի առողջարանային քաղաքը՝ Դիլիջանը։ Անտառածածկ լեռներ, զուլալ ու մաքրամաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր․ ահա Դիլիջանի բնական հարստությունները, որ գրավում են աշխարհի բոլոր ծագերից եկող հազարավոր զբոսաշրջիկների։ Քաղաքն աչքի է ընկնում հնի ու նորի յուրօրինակ միահյուսմամբ։ Հետաքրքիր կլինի Ձեր այցելությունը 10-րդ դարում կառուցված Հաղարծին և 12-րդ դարին թվագրվող Գոշավանք վանական համալիրներ։ Ի միջիայլոց, Գոշավանքի վանական համալիրը հայտնի է եղել նաև որպես հոգևոր կրթական խոշոր կենտրոն։ 33765 հեկտար տարածք է զբաղեցնում Դիլիջան ազգային պարկը՝ ներառելով քաղաքը, բնության հրաշալիք Պարզ լիճն ու Եղնիկների պուրակը ։ Ազգային պարկը Հայաստանի բնաշխարհի հիրավի եզակի անկյուններից է, որին յուրահատուկ է հարուստ կենսաբազմազանությունը, իսկ կենդանական աշխարհը Ձեզ անակնկալներ կմատուցի իր տեսականիով։ Հանգստի, բնության հետ միաձուլվելու, բնությունը զգալու գերազանց առիթ կլինի Ձեր այցելությունը Պարզ լճի հանգստի գոտի և Եղնիկների պուրակ, որտեղ Ձեր ձեռքերով կարող եք կերակրել կովկասյան ազնվացեղ եղջերուներին՝ զմայլվելով նրանց խենթացնող սլացքով։
4. Լաստիվեր ջրվեժներ, Լաստիվեր անապատ
Կրեատիվ, ոչ դասական, արկածային ու էքստրեմալ զբոսաշրջության սիրահարների համար իրական հայտնություն կլինի Լաստիվերը՝ իր ջրվեժներով, Լաստիվեր անապատով և Ենոքավանն իր զիփլայնով։
Հայաստանի հյուսիսարևելյան մասում է գտնվում Լաստիվերը, Ենոքավան գյուղի ծայրամասում։ Ջրվեժները Խաչաղբյուր գետի վրա են, ուր կարող եք հասնել տավուշյան թավ ու կուսական անտառներով իջնելով գետափ։ Եվ անկախ քեզանից՝ թվում է, թե ջունգլիներում ես։ Բայց հաջորդ ակնթարթին նշմարելով ծառերի վրա կառուցված հետաքրքիր ու ոչ ստանդարտ տնակներն ու խրճիթները, հասկանում ես, որ «փրկված ես»։ Թերևս չեք գտնի բնության անձեռակերտ մի այլ անկյուն, ուր մարդն ու բնությունն այդքան մերձ լինեն, և որտեղ կարողանաք այդչափ լիառատ վայելել բնության կուսական անդորրը։
Աժդահա կիրճի եզրերին են կախված բազմադարյան քարանձավները, որոնցից մեկի անունով էլ տեղանքը կոչվում է Լաստիվեր անապատ։ 13-14 դ․դ․ մոնղոլական արշավանքներից տեղի բնակչությունը պատսպարվել և փրկվել է հենց այս քարանձավում, որի պատերին մինչև օրս պահպանվում է անհայտ նկարչի կողմից արված հարսանեկան ծիսակատարության մի սքանչելի հարթաքանդակ։ Այս հանգստի գոտին Ձեզ կպարգևի երջանիկ պահեր։ Խաչաղբյուր գետում կարող եք լողալ, որսալ կարմրախայտ ձուկ, ընդունել արևայրուք՝ պառկելով ափամերձ տաք քարերին, կարող եք օգտվել շոգեբաղնիքից, գետում պատրաստված բնական ջակուզիներից։
5. Ենոքավանն իր զիփլայնով
Ձեր հանգստի ընթացքում փնտրում եք արկածնե՞ր, ոչ ստանդարտ ու աննախադեպ էքստրեմալ իրավիճակնե՞ր, ուրեմն ճիշտ ընտրություն եք կատարել՝ նախապատվությունը տալով Հայաստանում առաջին արկածային այգուն՝ Yell Exstreme park-ին։ Երևանից ընդամենը երկու ժամվա ճանապարհ անցնելուց հետո կհայտնվեք Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, որտեղ էլ գտնվում է Yell Exstreme park-ը։ Այստեղ Դուք, որ քաջ եք ու անվախ, կկատարեք Ձեր անմոռանալի թռիչքը զիփլայնով։ Եվ ինչ հիասքանչ տեսարան․ ասես երկրագնդի ամբողջ կանաչ տարածքներն ի մի են բերվել այստեղ՝ տավուշյան այս կախարդական վայրում, ու այն Ձեր ոտքերի տակ է։ Սուր և անմոռանալի հաճելի զգացողությունը Ձեզ հուշում է կրկին այցելել Yell Exstreme park:
6. Սևան
Հիրավի հրաշք է Գեղամա գեղեցկուհին՝ կապուտաչ Սևանա լիճը։ Բազմաթիվ են հանգստի գոտիներն այստեղ, ուստի մեծ է և ընտրությունը: Եթե գնահատում եք կատարյալ հանգիստն իրական դրախտավայրում, ապա վայելեք Ձեր հանգիստը անմիջապես կապուտաչյա գեղեցկուհու ափին։ Բացառիկ չքնաղ տեղանքը, հյուրընկալ մթնոլորտը, նաև բարձրակարգ սպասարկումը լիարժեք կդարձնեն Ձեր հանգիստը թե ընտանիքի, և թե ընկերների հետ։ Ձեզ անհրաժեշտ է միայն ուղևորվել դեպի Սևան և ընկղմվել լիարժեք հանգստի մեջ: Սևանի թերակղզում է գտնվում հայտնի Սևանավանք եկեղեցին, որը կարող է դառնալ Սևանում կատարած Ձեր էքսկուրսիայի մի մասը:
7. Արենի․ գինու մշակույթ և պատմություն, համտես
Անկատար մի թողեք Ձեր այցը Հայաստան․ անպայման այցելեք Վայոց ձորի մարզում գտնվող գեղատեսիլ Արենի գյուղ, որտեղ կգտնեք գինեգործարաններ և քարանձավներ, համտեսեք արնանման վառ կարմիր գինին, որ պատրաստվում է վայոցձորյան արևահամ խաղողից։
Գինու մշակույթը հազարամյակների պատմություն ունի Հայաստանում, ինչի մասին վկայում են պեղումների արդյունքում հայտնաբերված գինեգործական տարատեսակ պարագաները։ Ընդհանրապես Վայոց ձորում, և մասնավորապես Արենի համայնքում տնտեսության գերակա ուղղություն են խաղողագործությունը և գինեգործությունը։ Արենիում գործում է գինու երկու գործարան, որտեղ արտադրվում է Արենի հանրահայտ գինին։ Եթե Ձեզ բախտ վիճակվի Արենիում լինել հոկտեմբեր ամսին, բացի տարածքում գտնվող հազարամյա պատմական ու մշակութային կոթողներին, գինու պատմությանն ու մշակույթին ծանոթանալուց, կարող եք մասնակցել այստեղ կազմակերպվող գինու ավանդական փառատոնին՝ համտեսելով տարատեսակ գինիներ, իսկ գինու տուրերի ընթացքում կվայելեք հայկական գինին և կծանոթանաք գինեգործության պատմությանը։ Հավատացեք, կասկած չկա, որ Արենիից կհեռանաք երկար հիշվող հաճելի տպավորություններով։
8. Տաթևի ճոպանուղի, եկեղեցի
Հայաստան աշխարհը հարուստ է եկեղեցիներով ու պատմական հնագույն անձեռակերտ հուշարձաններով․ դրանցից ամենահրաշագեղը, թերևս Տաթևի վանական համալիրն է՝ կառուցված 9-րդ դարի վերջերին և 10-րդ դարի սկզբներին։ Հայ ճարտարապետության այս բացառիկ նմուշը հայ հնագույն հոգևոր կրթական կենտրոններից է եղել։ Եթե արդեն Տաթևի վանական համալիրում եք, անպայման ուշադրություն դարձրեք վանքի շուրջն անառիկ ժայռերի վրա կառուցված հզոր պարիսպներին, համալիրի բակում վեր խոյացող ճոճվող գավազանին․ այն որպեց միջնադարյան կառույց բացառիկ է։
Իսկ Տաթևի վանք առաջարկում ենք հասնել ամենակարճ ճանապարհով՝ Տաթևեր ճոպանուղով, որը գործում է 2010 թվականից՝ ապահովելով 12 րոպեանոց 320 մետր բարձրության հիասքանչ ու տպավորիչ թռիչք գեղատեսիլ Որոտանի կիրճի վրայով։ Ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի․ երկարությունը կազմում է 5752 մետր։
9. Հալիձորի դիտակետ
Հայոց աշխարհը դեռևս հնագույն ժամանակներից ենթարկվել է արտաքին թշնամիների հարձակումներին, որոնք ցանկացել են գրավել Հայոց հողը, տիրանալ նրա բնական հարստություններին։ Ահա թե ինչու հայերիս մոտ միշտ արթուն է եղել պաշտպանական բնազդը՝ մղելով կառուցելու անմատչելի բերդեր ու ամրություններ, չմոռանալով նաև ամենափոքր վտանգի դեպքում յուրայիններին անմիջապես ահազանգելու մասին։ Թշնամու զորքերի շարժը լավագույնս դիտարկելու համար կառուցվել են դիտանոց-դիտակետեր։ Դիտակետերում կախել են հսկա զանգեր, որոնցով էլ նախազգուշացրել են մոտակա վտանգի մասին։ Միջնադարում կառուցված դիտանոցներից է Հալիձորի դիտակետը, որտեղից Ձեր առջև կբացվի մի անկրկնելի տեսարան՝ ասես Ձեր ափի մեջ հավաքելով տեսանելի ամբողջ տարածքը։ Դիտանոցի զանգերը դարեր շարունակ ահազանգել են տեղացիներին թշնամի զորքերի հարձակումների մասին։ Եթե ուղևորվել եք Հայաստանի հարավային հատված և պլանավորել եք այցելել Տաթևի վանական համալիրը և շրջակայքը, ապա ճանապարհին անպայման կանգառ կատարեք Հալիձորի դիտակետում:
10. Խնձորեսկ, ճոճվող կամուրջ
Ժայռեր, ժայռեր, ու դրանց ծերպերից կախված քարանձավներ Հայաստանում։ Դրանք որպես կացարաններ են ծառայել տեղաբնակների համար, ապա՝ թշնամիներից պատսպարվելու անմատչելի վայրեր։ Այսպիսին է Սյունյաց հրաշալիքներից մեկը՝ Խնձորեսկ գյուղը, որ Դուք կտեսնեք Ձեր այցելության ընթացքում։ Հայ մեծագույն նկարիչ Մարտիրոս Սարյանն այս դրախտային վայրը համարել է հնությունների խոշորագույն թանգարան, և հավատացեք չի սխալվել։ Դրանում կհամոզվեք ինքներդ։ Իսկ կամուրջը, ճոճվող կամուրջը, որ իրար է միացնում Հին ու Նոր Խնձորեսկը։ Այն վիթխարի է, մեծածավալ։ Կառուցվել է 2012 թվականին տեղացի գործարարի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։ Երկարությունը 160 մետր է, բարձրությունը՝ 63 մետր, ընդհանուր կշիռը կազմում է 14 տոննա։ Միջին քաշով շուրջ 700 մարդ կարող է միաժամանակ անցնել կամրջով։ Կամրջով անցնելիս պարզ երևում են գյուղի բոլոր 4 եկեղեցիները, որ կառուցվել են միջնադարում։ Սյունիք կատարած էքսկուրսիայի ժամանակ անպայման այցելեք Խնձորեսկի ճոճվող կամուրջ և Ձեր էքսկուրսիան կդառնա օրիգինալ ու անմոռանալի:
11. Գորիս՝ քարանձավային քաղաք
Գորիսը հիրավի Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այցելելով Գորիս՝ կհամոեզվեք, որ այն հիշեցնում է բրգաձև քարերի մի հսկա շարան, ուր ամեն ժայռի կրծքում կա ընդարձակ անձավ։ Դրանցում 3000 տարի շարունակ մարդիկ են ապրել։ Հին Գորիսում շրջելիս՝ կհանդիպեք 3000 տարվա վաղեմություն ունեցող ժայռափոր թատրոնին։ Կտեսնեք Անդուրի, Կարմիր վանքերը, վիմափոր եկեղեցին, բերդեր, ամրոցներ, ինչպես նաև հին Գորիսի բազմադարյան վկայագրերը՝ մելիքական տների գերեզմանոցները։ Գորիս քաղաքն ու հարակից շրջակայքը հարուստ են հանքային աղբյուրներով։ Դրանցից առավել հայտնին Գորիսից Տաթև տանող ճանապարհի մոտ գտնվող Սատանի կամրջի հանքային ջուրն է, որ հնուց ի վեր համարվում է բուժիչ։ Բնության ձեռամբ կերտված Սատանի կամուրջն ունի 30 մետր երկարություն և տեղ-տեղ շուրջ 60 մետր լայնություն։ Կամրջի ժայռերի ճեղքերից բխող ջրերն առաջացրել են բնական քարե ավազաններ, որտեղ կարելի է լողալ։ Յուրահատուկ տեսարժան վայր է Գորիսի Քարե անտառը։ Ունի հրաբխային ծագում, իրենից ներկայացնում է սուր գագաթներով նեղ ժայռերի, անսովոր տեսք ունեցող քարերի մի սիմֆոնիա։ Ասես մեկը կախարդել և ծառաշատ անտառը վերածել է տձև քարերի հեքիաթային լուռ անտառի։ Եթե պլանավորել եք այցելել մինչև Գորիս, ապա կարող եք Ձեզ համար կազմակերպել 2-օրյա էքսկուրսիա, գիշերել Գորիսում և հաջորդ օրը շարունակել բացահայտել Հայաստանը:
12. Թռչկան
Հիասքանչ տեսարան է բացվում Ձեր առջև, երբ այցելում եք Թռչկանի ջրվեժ։ Իր բարձրությամբ (23,5 մ) երկրորդն է Հայաստանում, գտնվում է Շիրակի և Լոռիի մարզերի սահմանային գոտում՝ Չիչխան գետի Թռչկան վտակի վրա։ Ձեզ անպայման կգրավի ջրվեժի մերձակա հիասքանչ բնությունը․ այստեղ չկան փարթամ ու խիտ անտառներ, բայց ջրվեժն օղակող լեռների լերկությունն է հենց նրան տալիս մի տեսակ աննկարագրելի վեհություն, հպարտություն, խրոխտություն։ Ջրվեժի տարածքը հատուկ պահպանվող գոտի է, իսկ ջրվեժն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
13. Ջերմուկ, ջրահարսի վարսեր, առողջարար հանքային ջուր և բնական գեյզերներ
Մայրաքաղաք Երևանից 173 կիլոմետր հեռավորության վրա, Արփա գետի վերին մասում է գտնվում Հայաստանի ամենախոշոր առողջարանային քաղաքը՝ Ջերմուկը։ Չքնաղ բնությունը, կենարար օդը, առողջարար հանքային ջուրը, բնական գեյզերներն ու ֆանտաստիկ գեղեցկության ջրվեժներն ամենուրեք կուղեկցեն Ձեզ Ձեր շրջագայության ընթացքում։ Հանրապետության էկոլոգիապես մաքուր քաղաքներից է Ջերմուկը, իսկ հարուստ ու փարթամ բուսականության շնորհիվ օդը հագեցած է թթվածնով։ Քաղաքը գտնվում է ձորում, ինչն էլ քաղաքի գրավչության կարևոր գործոն է․ Ջերմուկում իսպառ բացակայում են քամիները։ Ջերմուկ հանքային ջուրն աշխարհում հայտնի է իր բաղադրության շնորհիվ․ կենսաբանական և ակտիվ միկրոտարրերի առկայությունը հանքային ջուրը դարձնում են անփոխարինելի մի շարք հիվանդությունների համար։ Էական է նաև, որ հանքային ջուրն արտաքինից չի գազավորվում, այլ բնականում բխում է գազավորված։ Այցելելով Ջերմուկ և ըմպելով բնության անմահական պարգևը՝ ինքներդ կհամոզվեք՝ որքան թեթևացած ու երիտասարդացած եք զգում Ձեզ։ Հանքային տաք ջրերի հազարավոր աղբյուրներ են բխում Ջերմուկում։ Դրանց հարևանությամբ կառուցվել են առողջարաններ ու բարձրակարգ հյուրանոցներ, որոնք Ձեր ակտիվ հանգիստն ու բուժումը կդարձնեն լիարժեք։ Դե իսկ Ջերմուկի հոյակերտ բնական հուշարձանն իհարկե «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժն է։ Ֆանտաստիկ գեղեցկության այս ջրվեժն ուղղակի հիացնում և գերում է նայողին։ Դուք կտեսնեք Արփա գետի Ջերմուկ վտակի վրա աղբյուրներից սկզբնավորվող գեղեցկագույն ջրվեժը, որն ասես ջրահարսի վարսեր լինի։ Մոտ 68 մետր բարձրությունից հոսելով 3 գմբեթարդ դարավանդներով՝ այն իր հանգիստն է գտնում Արփա գետի գրկում։ Այնքան գեղեցիկ ու տպավորիչ է «Ջրահարսի վարսերը», որ աչքդ չես կարողանում կտրել նրանից։
14. Դսեղի Ծովեր
Հիասքանչ է Լոռին․ բնությունն այստեղ առատաձեռն է գտնվել՝ ստեղծելով մեկը մյուսից հոյակերտ բնական կոթողներ։ Դրանց շարքում առանձնանում է Դսեղ գյուղի Ծովեր լիճը։ Այստեղ Դուք կանցկացնեք Ձեր իդեալական հանգիստը՝ հեռու քաղաքի եռուզեռից ու անցուդարձից։ Այստեղ կարծես ձուլվում եք մայր բնությանը՝ դառնալով նրա անքակտելի մասը։ Ձեր խորհրդավոր այս հանգիստը պահ առ պահ կարող է ընդմիջվել պիկնիկով դեպի կուսական անտառներ, ունեք հնարավորություն զբաղվելու ձիավարությամբ և իհարկե ձկնորսությամբ։ Հավատացեք, Դսեղի Ծովեր լճի ափին Ձեր այս ունիկալ հանգիստը երկար կհիշեք որպես անմոռանալի ու հաճելի օրերի պատառիկներ։
15. Մենձ էր քարայր եւ Զարնի Պարնի
Ասում են՝ նախամարդու բնակավայր են եղել Լոռվա այս հիասքանչ քարայրները, ապա ծառայել են այլ նպատակների, իսկ այսօր զբոսաշրջիկների սիրելի վայրերից են։ Մենձ Էր Քարայրը գտնվում է Սանահին գյուղի և Սանահինի վանքի հարևանությամբ, այստեղից բացվում է հեքիաթային տեսարան՝ հսկա լեռներ, վեհ ու հպարտ Լալվարը, գեղեցիկ թավշյա դաշտավայրեր։ Մենձ էր քարայրը այժմ ներկայանում է իր քարանձավային թանգարանով, ծառայում է որպես մշակութային վայր և սրճարան: Չարնի-Պարնի քարանձավային համալիրը գտնվում է Հաղպատ գյուղ տանող ճանապարհին: Այն հանգստի եզակի կենտրոն է իր թանգարանով և հանգստյան գոտիով հանդերձ։ Քարայրի մոտ է գտնվում Հաղպատի վանքը։ Քարայրում կարող եք համտեսել տարատեսակ կերակուրներ։ Բազմաֆունկցիոնալ այս հանգստի կենտրոնն առաջարկում է մի շարք ծառայություններ՝ թանգարաններ, հացատուն:
16. Ծաղկաձոր․ ճոպանուղի, շրջակայքի տաք գեյզերներ
Ծաղիկների ձոր, կիրճ․ սա է Ծաղկաձոր քաղաքի անվան նշանակությունը։ Հիրավի, այդպես էլ կա։ Աներևակայելի, ուղղակի ֆանտաստիկ գեղեցկություն ունի ծաղկաձորյան բնությունը։ Դրանում ինքներդ կհամոզվեք՝ այցելելով ժամանակակից առողջարանային այս գողտրիկ քաղաքը, ուր Ձեզ են սպասում բարձրակարգ հյուրանոցները, լեռնադահուկային հանգստյան գոտիները, շրջակա տաք աղբյուրները՝ գեյզերները։ Այստեղ կվայելեք հրաշք բնությունը, թթվածնով հարուստ մաքուր օդը, կծանոթանաք քաղաքի հարուստ պատմամշակութային կոթողներին, մասնավորապես ուշ միջնադարում կառուցված Կեչառիսի վանական համալիրին։ Ծաղկաձորյան կլիման մեղմ է, և Ձեզ անմոռանալի հաճույք կպատճառեն երեկոյան զբոսանքները զով անտառում։ Ծաղկաձորի հայտնի ճոպանուղին միջազգային ճանաչում ունի։ Կառուցվել է 1967 թվականին, ապա հիմնանորոգվել 2007 թվականին։ Ճոպանուղին ձգվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից շուրջ 2800 մետր բարձրության վրա։ Այն այսօր ակտիվ, հագեցած ու անվտանգ հանգիստ է ապահովում այցելուների համար։ Ճոպանուղին ունի 5 կայան և շուրջ 30 կիլոմետր երկարությամբ 10 սահուղի։ Լեռնադահուկային սպորտի սիրահարները կվկայեն մարզվելու համար առկա բնական բարենպաստ պայմանների մասին։ Մնում է ավելացնել, որ Թեղենիս լեռան ամբողջ երկարությամբ գործում է անվճար գերարագ WiFi։ Բայց ծաղկաձորյան Ձեր այցն անավարտ կմնա, եթե չայցելեք Ծաղկաձորի շրջակայքում գտնվող բնական տաք ջրեր՝ գեյզերներ։ Հանքային այդ աղբյուրները բնության շքեղ պարգևն են։ Դրանք դուրս են հորդում երկրի ընդերքից և ունեն բուժիչ հատուկ նշանակություն։
17. Կանյոնինգ
Արկածային ու էքստրեմալ տուրիզմի այս տեսակը, որ Ձեզ կպարգևի անմոռանալի սուր զգացողություններ, Հայաստանում արդեն իսկ իրականություն է։
Կանյոնինգը կիրճագնացություն է, ժայռամագլցում, արկածային զբոսանք կիրճի ու գետի մեջ, որ զուգորդվում է ջրվեժներից պարանով վայրէջքների, լողի, լողացատկի հետ։ Բացի սուր ու ռիսկային զգացողություններ առաջացնելուց, կանյոնինգը նաև հնարավորություն է ստեղծում ձուլվելու և վայելելու բնության անմատչելի վայրերի գեղեցկությունը։ Եթե Դուք անվախ եք, խոչընդոտների առջև չընկրկող, սիրում եք հաղթահարել յուրաքանչյուր փորձություն, ուրեմն «գլուխ կհանեք» նաև այս մեկից։ Կանյոնինգը համարձակների համար է, համոզված ենք՝ Դուք մեկն եք նրանցից։ Եվ այսպես, Հայաստանում մանրակրկիտ ուսումնասիրված 4 գոտիներում Դուք կարող եք վայելել կանյոնինգի պարգևած հաճելի ու միաժամանակ սուր պահերը․
- Կանյոնինգ Վիշապի կիրճում
- Կանյոնինգ Սատանի կամրջի մոտ՝ Տաթևի ճանապարհին