Ցանկանու՞մ եք այցելել Հայաստան և ունենալ ակտիվ և արկածային հանգիստ, ուրեմն դուք ընտրել եք ճիշտ երկիր:

Հայաստանն ամենատարբերվող երկրներից մեկն է աշխարհում, որն ունի զանազան հանգստի վայրեր և, որտեղ անցկացվում են ամենամյա տարատեսակ փառատոններ։ Այս միջոցառումներն ավելի աշխույժ ու ուրախ են դարձնում Հայաստանը և նախատեսված են տարբեր ճաշակի ու նախասիրությունների մարդկանց համար: Փառատոնին մասնակցելը հիանալի միջոց է ընկղմվելու հայկական մշակույթի մեջ։ Այսպիսով ցանկանում ենք ձեզ ներկայացնել թոփ 5 հայկական ամենասիրված փառատոնները։

Մենք Ձեզ կներկայացնենք թե ինչ տեսակի փառատոններ են կազմակերպվում Հայաստանում, երբ են նրանք անցկացվում և ինչ առանձնահատկություններ ունեն:

 

 

Տոլմայի փառատոն

Հայկական խոհանոցը հարուստ է տարբերվող, գունագեղ և համեղ ուտեստներով։ Այստեղ դուք հնարավորություն կունենաք ճաշակել լավագույն հայկական ավանդական ուտեստներ։ Հայաստանի ամենահամեղ փառատոններից է տոլմայի փառատոնը։ «Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Միջուկը հիմնականում պատրաստվում է բրնձի հիման վրա, ինչպես նաև կարող է պարունակել եփած մսի խճողակ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դարին։ Բացի վերոնշյալից, Հայաստանում գոյություն ունեն նաև տոլմայի հետևյալ տեսակները՝ դդմի ծաղիկից, թզի տերևներով, խեցգետնի, հավի մսով և ձկով, ինչպես նաև պասուց տոլմա , որն իրենից ներկայացնում է պահքի համար նախատեսված տոլմա, որի միջուկն են կազմում ոսպը, կարմիր լոբին  և այլ հատիկներ։ Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, փառատոնն ուղեկցվում է ավանդական երգ ու պարով, խաղերով և վարպետաց դասերով: Ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման, որը մատուցում են մածունով և ճզմած սխտորով։ Այս տարի Հայաստանում նշվել է տոլմայի 11-րդ փառատոնը

 

Գաթաի փառատոն

Յուրաքանչյուր աշուն Խաչիկ գյուղի բնակիչները նշում են ամենահամեղ հայկական աղանդերին նվիրված ամենամյա գաթայի փառատոնը։ Փառատոնի ընթացքում կկարողանաք ինչպես տեսնել ավանդական գաթայի պատրաստման գործընթացը, այնպես էլ ճաշակել այն։ Այդ օրը պատրաստվում և հյուրեին է ներկայացվում ամենամեծ գաթան, որն այնուհետև բաժանվում է փառատոնի հյուրերին։ Փառատոնն ուղեկցվում է ազգագրական երաժշտությամբ, պարերով ու մրցույթներով, ինչպես նաև արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքով։ 

 

Գինու փառատոն

Հայաստանը համարվում է գինեգործության հայրենիքը ։ Ավանդազրուցն ասում է, որ գինին պարգև էր Նոյի և նրա ուղեկիցների համար այն բոլոր տառապանքների դիմաց, որոնք նրանք հաղթահարեցին մեծ ջրհեղեղի ժամանակ: Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների՝ Հայաստանում գինեգործությունը 6 հազար տարվա պատմություն ունի: Հնագետները խաղողի կորիզներ են գտել Հայաստանում, որոնք հաստատում են այն ենթադրությունը, որ Արարատյան հարթավայրում գինեգործությունը բազմադարյա պատմություն ունի: Գինու փառատոնն անցկացվում է միշտ նույն վայրում: Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսին հայ գինեգործները եւ տասնյակ հազարավոր այցելուներ հավաքվում են Արենի գյուղում՝ նշելու գինու փառատոնը։ Փառատոնի ընթացքում գինու սիրահարներին բախտ է վիճակվում մասնակցել հնագույն և ինքնատիպ գինու պատրաստման ծիսակատարությանը՝ տարրայի մեջ խաղող ճզմելուն, որին հաջորդում է գինու տեսականու համտեսը։ Փառատոնը հիմնականում ուղեկցվում է ազգային երգ ու պարով: Փառատոնի օրերին կազմակերպվում են նաև բազմաթիվ էքսկուրսիաներ դեպի Արենի, որտեղ ներառված են Հայաստանի հնագույն և հայտնի մշակութային վայրերը: Այսպիսով, եթե գինու տուրերի սիրահար եք, ապա բաց մի թողեք ամենաուրախ էքսկուրսիաները դեպի գինեգործության հայրենիք:

 

Խորովածի փառատոն

Մեր՝ հայերիս ամենասիրված և ավանդական ուտեստը խորովածն է, որը կարող եք համտեսել ամբողջ Հայաստանի տարածքում և յուրաքանչյուր հայի օջախում։ Դուք կարող եք զգալ համահայկական ամենամյա Խորովածի փառատոնի բույրը Լոռու մարզում՝ Ախթալայում։ Հայկական խորովածը պատրաստվում է շատ պարզ եղանակով. միսը փոքր կտորներով շարում են մետաղե կամ փայտե շամփուրներին և կրակի վրա խորովում ՝ հիմնականում մանղալի վրա դնելով կամ թոնրի մեջ կախելով։ Խորովածի փառատոնի ծրագրի շրջանակներում անցկացվում են խոհարարական մրցույթներ, պատրաստվում է խորոված տարբեր տեսակի մսից։ Ամռանը, մսից բացի, խորովում են նաև լոլիկ, տաքդեղ, սմբուկ, կարտոֆիլ և այլ բանջարեղեններ, որոնք մատուցվում են խորոված մսի հետ և էլ ավելի համեղ են դարձնում ուտեստը։ Խորովածի մի այլ տեսակ է ՛՛հովվի խորովածը՛՛: Այն պատրաստում են ոչխարի կամ գառան մսից՝ իր իսկ մորթու մեջ փաթաթած միսը մոտ 0,5 մ խորությամբ փոսում հողով ծածկելով և վրան կրակ վառելով։

 

Կոնյակի փառատոն

Հայկական կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհում։ Զարմանալի չէ, որ կոնյակին նվիրված ամենամյա փառատոնը նույնպես համարվում է տարվա ամենասպասված միջոցառումը։ Կոնյակի փառատոնին մասնակցում են կոնյակագործությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունները։ Փառատոնի ընթացքում լինում է հյուրասիրություն հայկական ազգային խոհանոցի ողջ շքեղությամբ, ինչպես նաև գեղեցիկ տոնական հրավառություն: Հայկական կոնյակի հետ հաճախ հնչում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի անունը, ով նախընտրում էր միայն հայկական «Դվին» կոնյակը։ Այն ժամանակ, երբ Չերչիլը հայտնաբերում է, որ «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, բողոքում է Ստալինին այդ մասին։ Պարզվում է, որ «Դվին» կոնյակի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը աքսորվել է։ Չերչիլի բողոքից անմիջապես հետո Ստալինը ազատ է արձակում Մարգար Սեդրակյանին ու վերականգնում է նրա նախկին պաշտոնը։

«Մարգար Սեդրակյանը ստիպեց աշխարհին խոստովանել, որ կոնյակը խոսում է հայերեն։ Չերչիլը սկսեց նորից ստանալ սիրելի «Դվին» կոնյակը, իսկ Մարգար Սեդրակյանին շնորհվեց «Սոցիալիստական Աշխատանքի Հերոս» կոչումը։ Այդպես կոնյակը փրկեց մարդու կյանքը։

Հանուն այս փառատոնների արժե այցելել Հայաստան և անցկացնել հանգստյան օրերը Հայաստանում, տեսնել և զգալ հայակական ոգին։