Նորավանքի վանական համալիրը գտնվում է Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս – արևելք՝ Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին: Այն հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին և դարձել Սյունիքի հոգևոր, կրթական և մշակութային կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը: Համալիրի հնագույն եկեղեցին Սբ Կարապետն է, որը կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1216-1223 թվականներին: Եկեղեցու ավերակները բացվել են 1982 թվականի պեղումների ժամանակ:
Այն ներքուստ քառաթև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է: Միակ մուտքը արևմուտքից է: Այդ եկեղեցուն կից գտնվում է վանքի գլխավոր՝ Սբ. Ստեփանոս եկեղեցին (1216-1221): Այն կառուցել են Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս արքեպիսկոպոսը: Համալիրի տարածքում են գտնվում Սբ. Գրիգոր եկեղեցին՝ իշխան Սմբատ Օրբելյանի Դամբարանով, ինչպես նաև Բուրթել իշխանի եռահարկ դամբարան-եկեղեցին: Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի Աստվածաշնչային և ավետարանական թեմաներով պատկերաքանդակները:
Նորավանքում է գործել հայ նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը, ով եղել է նաև Օրբելյան իշխանական տան քարտուղարը: Նրան են վերագրվում վանքի գլխավոր եկեղեցու գավթի մուտքի և լուսամուտի ճակատակալ քարերի քանդակները և Սբ Աստվածածին եկեղեցու բարձրաքանդակները: Նորավանք համալիրի տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Իսկ 2010 թվականին այստեղ տեղադրվել է նրա հիշատակին նվիրված խաչքարը` ծննդյան 750-ամյակի կապակցությամբ: Ներկայումս Նորավանքի համալիրի տարածքում գործում է Մոմիկի թանգարանը: Նորավանքին բավականաչափ մոտ է գտնվում հայտնի Թռչունների քարանձավը, որտեղ գտնվել է աշխարհի ամենահին կոշիկը: Նորավանքն իր կառույցների ու քանդակների բացառիկ առանձնահատկություններով ու գեղարվեստական բարձր արժանիքներով համարվում է 13-14-րդ դարի Հայաստանի լավագույն ճարտարապետական համալիրը: