Կեչառիսի միջնադարյան վանական համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմտյան բարձրադիր մասում: Այն ուշագրավ է ոչ միայն ճարտարապետական ինքնատիպությամբ, այլ նաև իր հետաքրքիր պատմությամբ: Նրա ձևավորումը տևել է շուրջ 220 տարի՝ ավելի քան 150 – ամյա ընդհատումով: Նման ճակատագիրը պայմանավորված է եղել պատմական ժամանակաշրջանի առանձնահատկություններով: Վանքի կառուցումը սկսվել է մի իշխանական տան՝ Բագրատունիների, և շարունակվել մեկ ուրիշի՝ Պահլավունիների կողմից:
Կեչառիսի վանական համալիրի տարածքում առաջին եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, կառուցվել է 995-1003 թվականներին, ապա կառուցվել են նաև մյուս սրբավայրերը: Կեչառիսի վանքի հիմնական խումբը ներառում է երեք եկեղեցի՝ սբ. Գրիգոր Լուսավորիչը՝ գմբեթավոր դահլիճ տիպի, բեմի երկու կողմերում երկհարկ ավանդատներով, սբ. Նշանը և սբ. Կաթողիկեն, երկու մատուռ և գավիթ: Դրանցից մի փոքր դեպի արևմուտք, անտառ տանող ճանապարհին գտնվում է ևս մի եկեղեցի իր գավիթով՝ սբ. Հարությունը:
Ի տարբերություն Հայաստանի նմանատիպ վանական համալիրների՝ Կեչառիսի հիմնական կառույցներն իրենց դիրքով ուղիղ անկյուն են կազմում, որի գագաթում գտնվում է սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սա վանքի գլխավոր կառույցն է, միաժամանակ ամենամեծ և ամենաբարձր շինությունը: Համալիրի տարածքում տեղադրված են 12-13-րդ դարերի բազում խաչքարեր, որոնք առավել գունագեղ ու ամբողջական են դարձնում վանքը: Կեչառիսի վանական համալիրում բազմիցս կատարվել են վերականգնողական և վերակառուցողական աշխատանքներ, իսկ 2000թ. այն նորից օծվել է: Ներկայումս վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հանդիսանում է Կոտայքի թեմի Առաջնորդանիստ: