Գառնիի տաճարը հեթանոսական ժամանակներից մեզ հասած եզակի կառույցներից է: Գառնու տաճարի հիմնադրումը, ըստ Մովսես Խորենացու, կապվում է Հայկ նահապետի թոռ Ամասիայի որդու՝ Գեղամի հետ, որը կառուցում է մի դաստակերտ և անունը դնում թոռան՝ Գառնիկի անունով:
Ենթադրվում է նաև, որ սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի հայոց աստված Միհրին, իսկ 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Տաճարը եղել է հայոց Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովիդուխտի ամառանոցը՝ հովանոցը: Պատմիչներն այն կոչել են նաև Տրդատի թախտ կամ Տրդատի սարավույթ: Գառնու տաճարը կառուցվել է 77 թվականին և կանգուն մնացել շուրջ 1600 տարի: Հայաստանի ամենաերկարակյաց այս շինությունը փլվել է 1679թ. հունիսի 4-ի կործանարար երկրաշարժից: Դրանից հետո ճարտարապետական հնամենի կոթողը կիսավեր է մնացել մոտ 300 տարի:
1909-1911թվականներին անվանի գիտնական Նիկողայոս Մառը տաճարի հիմքի մոտ է հավաքել ցիրուցան եղած կապտավուն որձաքարերը՝ հուսալով, որ մի օր կվերականգնվի հայոց այս գեղեցկաշեն կառույցը: Սակայն հետագայում քանդակազարդ շատ խոյակներ ու սյուներ անհետացել են, և նորոգող ճարտարապետները դրանց հետքերը որոնել են Գառնիից հեռու գտնվող վայրերում: Գառնիի տաճարը վերականգնվել է 1969-1975 թվականներին ճարտարապետ Ա.Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ: Տաճարի կողքին հնում եղել են պալատական շենքեր: Պահպանվել է բաղնիքի՝ խճանկարով հատակը, որը պատրաստված է 15 գույնի բնական քարերից և պատկերում է ծով ու ծովային տեսարաններ, ներկայացված են բազում աստվածներ, ջրահարսեր, ձկներ և ձիու իրանով ու ձկան վերջավորությամբ արարածներ՝ իխտիոկենտավրեր: Այդ խճանկարը հին Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հրաշալի հուշարձաններից է: