Դուք էլ եք անհամբեր սպասել, որ Եվրատեսիլի մրցույթներին երբևէ Հայաստանն էլ կզբաղեցնի առաջին պատվավոր հորիզոնականը և պատիվ կունենա հաջորդ տարի հյուրընկալել  Եվրատեսիլի բոլոր պատվիրակներին և կազմակերպել այս գեղեցիկ միջոցառումը սեփական հարկի տակ: Դե ինչ, մեր համատեղ սպասումներն իրականացան …

2022  թվական,  դեկտեմբեր  11,  Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, «Մանկական Եվրատեսիլ -2022»- ի եզրափակիչ   փուլ:

Հայաստանը նվաճել է 2022 թվականի «Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլը մայրաքաղաք Երևանում  անցկացնելու իրավունքը։  Ահա մի կարևոր ու ծանրակշիռ  պատճառ Ամանորն ու ետամանորյա տոները Հայաստանում  անցկացնելու համար (հայերս ամանորյա տոներն ավանդույթի  համաձայն նշում ենք մինչև  հունվարի 13-ը՝  Նոր տարվա սկիզբը հին հայկական տոմարով)։

«Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար Հայաստան են գալու 16 երկրների պատվիրակություններ, որոնց համար տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվելու։

 Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է․ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում 2021 թ․ դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։

Այս տարի Հայաստանը հյուրընկալում է 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ը, ինչը շատ պարտավորեցնող է: Դեկտեմբերի 4-ից սկսած Երևանում եվրատեսիլյան տարատեսակ միջոցառումներ են լինելու թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ պատվիրակությունների համար: Մրցույթի մասնակիցներն ու Հայաստանում իրենց ձմեռային հանգիստն անցկացնող հյուրերը  հնարավորություն կունենան ծանոթանալու մեր երկրի մշակույթին: Կայցելեն թանգարաններ, այլ մշակութային հաստատություններ ու տեսարժան վայրեր, կմասնակցեն հետաքրքիր ձմեռային էքսկուրսիաների:

Մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է՝ հոլը, որը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ ընտրվել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը։ Հոլի նախշերը Եվրատեսիլ 2022-ի պատվիրակությունները  և  իրենց ձմեռային հանգիստն ու Ամանորը Հայաստանում  անցկացնող հյուրերը  կարող են տեսնել մեր պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։

Եզրափակիչի երեկոյին ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և կներկայացնի իր նոր երգը:

Հայաստան են հրավիրվել «Մանկական Եվրատեսիլի»  բոլոր տարիների հաղթողները, որոնք կկատարեն հաղթանակած երգերը։

Մրցույթին Հայաստանը ներկայացնելու է 14-ամյա Նարե Ղազարյանը: Նրա պրոդյուսերը Գրիգոր Կյոկչյանն է, պարուսույցը՝ Հովհաննես Սարգսյանը: 

Եվրատեսիլյան երգն արդն ընտրված է, որի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորման հեղինակը՝ Նիկ Էգիբյանը: Տեսահոլովակի պրեմիերան կարող եք դիտել այստեղ:

Մրցույթի տոմսերը վաճառվում են առցանց հարթակներում՝ նոյեմբերի 15-ից սկսած: Արժեքը՝ 5000-30 հազար դրամ։

Միջոցառման վայրը՝ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոները Հայաստանում վայելող սիրելի զբոսաշրջիկներ, հատկապես եթե դուք ճանապարհորդում եք Ձեր բալիկների հետ, մի կորցրեք Ձեզ ընձեռված եզակի հնարավորությունը՝ հայաստանյան ձմեռային հանգստի գունագեղ ներկապանակը հարստացրեք  նաև «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի անմոռանալի  գույներով։