• 0

Ի՞նչ անել և ու՞ր գնալ Երևանում

Երևանն իր հարուստ մշակույթն ու պատմությունն է առաջարկում այն զբոսաշրջիկներին, ովքեր հետաքրքրված են պատմամշակութային զբոսաշրջությամբ: Այն աշխարհի այն քաղաքներից է, որտեղ կարելի է տեսնել բազմաթիվ պատմական կոթողներ և հուշարձաններ, ինչպես նաև այցելել տարաբնույթ ժամանցի վայրեր: Այստեղ Դուք անշուշտ կգտնեք Ձեզ հետաքրքրող վայրեր ու կծանոթանաք երևանյան կյանքին ու առօրյային: Ստորև ներկայացնում ենք այն հիմնական վայրերը, որոնք պարտադիր կերպով պետք է այցելել դեպի Հայաստանի հնագույն մայրաքաղաք Երևան կատարած այցի ժամանակ:

Հանրապետության հրապարակ

Երևանի սիրտը համարվող Հանրապետության հրապարակը նախագծվել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից 1924-1936 թվականներին: Այն տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում՝ Ամիրյան, Աբովյան, Նալբանդյան, Վ. Սարգսյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի միավորման հանգույցում։ Հնում հրապարակը կոչվել է Լենինի անունով, և այնտեղ կանգնած է եղել վերջինիս արձանը, որը կազմաքանդվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հրապարակին կից գտնվում են Կառավարական տունը, Հայաստանի գլխավոր փոստի շենքը, Արմենիա Մարիոտ հյուրանոցը, Հայաստանի պատմության թանգարանի ու Ազգային պատկերասրահի շենքը: Օվալաձև հրապարակին հարում է սեղանաձև հատվածը` մեծ ջրավազանով ու շատրվաններով։ Հանրապետության հրապարակում են գտնվում գունաերաժշտական շատրվանները, որոնք ամառային ամիսներին երեկոյան ժամերին հիացնում են երևանաբնակներին ու քաղաքի հյուրերին:

 

 

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման սկզբից (1921թ.) պետական ու հասարակական գործիչների, արվեստագետների, կոլեկցիոներների և մի շարք այլ անձանց աջակցությամբ կազմավորված հարուստ հավաքածուն ընդգրկում է ազգային և համաշխարհային կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի մեծաթիվ ցուցանմուշներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հավաքածուի հիմնական առանցքը հայ արվեստն է, որը մշտական ցուցադրությունում ներկայացվում է պատմական զարգացման կարևորագույն փուլերով՝ միջնադարյան որմնանկարչության և մանրանկարչության, 17-19-րդ դարերի եկեղեցական գեղանկարչության՝ քանդակի, կիրառական արվեստի գործերով, նոր և նորագույն շրջանների փայլուն համաստեղության՝ Հ. Հովնաթանյանի, Հ. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի, Մ. Սարյանի, և այլոց ստեղծագործություններով: 

 

 

Կասկադի համալիր

Երևանյան Կասկադի համալիրը կառուցվել է 1970 թվականին։ Թվով 572 աստիճաններից բաղկացած համալիրի հինգ մակարդակներից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների՝ Ֆերնանդո Բոտերոյի և Լինն Չադվիկի աշխատանքները: Կասկադի համալիրը կապում է Երևանի կենտրոնը Հաղթանակի զբոսայգու հետ, որտեղ գտնվում է Մայր Հայաստան արձանը: Համալիրի առջևում վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, իսկ համալիրի գագաթին վեր է խոյանում Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված համալիր-հուշակոթողը։ Համալիրի գագաթից բացվում է շքեղ տեսարան դեպի քաղաքի կենտրոնը` իր շենքերով և պարտեզներով: Կասկադի համալիրը լի է կանաչապատ տարածքներով, շատրվաններով, ծաղիկներով ու համալիրին համահունչ նստարաններով:

 

 

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Ձեզ է ներկայացնում թվով 17000 հնագույն և բացառիկ ձեռագրերի եզակի հավաքածուն, որը 1997 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն համարվում է «Ազգային հիշողության պահպանման և զարգացման» կարևորագույն վայրերից մեկը:

Մատենադարանի ցուցադրական համալիրը բաղկացած է 15 ցուցասրահներից, որտեղ ներկայացվում են ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների հազարավոր ցուցանմուշներ։

Այստեղ հնարավորություն ունեք տեսնելու հնագույն ձեռագրերի պատառիկներ, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, վավերագրեր, առանձին մանրանկարներ և այլն:

 

 

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում Ազատության հրապարակում: Այն հանդիսանում է ոչ միայն մշակութային կենտրոն, այլև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Այն բաղկացած է 2 սրահից՝ 1400 հանդիսատեսի համար նախատեսված մեծ համերգասրահից և 1200 անձի համար նախատեսված օպերայի դահլիճից: Օպերայի թատրոնի դիմաց են գտնվում հայ հայտնի գրող Հ. Թումանյանի և հայ մեծ կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի, ինչպես նաև աշխարհահռչակ Ա. Բաբաջանյանի ու Ա. Խաչատրյանի արձանները։ Դուք էլ կարող եք մասնակիցը դառնալ ու ներկա գտնվել հայկական ու արտասահմանյան արվեստի երեկոներին:

 

 

Վերնիսաժ

 

Վերնիսաժը բացօթյա տոնավաճառ է՝ Երևանի կենտրոնում, որտեղ վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, գորգեր, հուշանվերներ, զարդեր, ոսկերչական իրեր, նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, կավե, փայտե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, ինչպես նաև գրքեր ու կենցաղային պարագաներ։

Այստեղ Դուք միանշանակ կարող եք մատչելի գնով ձեռք բերել որևէ հուշանվեր և տանել Հայաստանի մի փոքր մասնիկը Ձեզ հետ:

 

 

Արարատ կոնյակի գործարան

 

Երևանում անպայման պետք է այցելել Արարատ կոնյակի գործարան ու համտեսել աշխարհին հայտնի հայկական անմահական կոնյակը:

Հայկական կոնյակագործությունը սկիզբ է առել 1887 թվականին վաճառական և բարեգործ Ներսես Թաիրյանի կողմից, ով առաջին անգամ իր գործարանում ներդրել է սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան:

Գործարանում Ձեզ հնարավորություն կընձեռվի զբոսավարի ուղեկցությամբ և մեկնաբանություններով ծանոթանալ լեգենդար կոնյակի պատրաստման տեխնոլոգիային, իսկ էքսկուրսիայի վերջում՝ վայելել կոնյակի համն ու անզուգական բույրը:

 

 

Գումի շուկա

Հայ ժողովուրդը դարեր ի վեր հայտնի է իր հյուրընկալությամբ, որի մեջ կարևոր դերակատարություն ունի հարուստ ու բազմազան խոհանոցը, արևահամ միրգն ու բանջարեղենը, յուրահատուկ համեմունքներն ու քաղցրավենիքը:

Հայկական խոհանոցում օգտագործվող սննդամթերքը կարելի է գտնել երևանյան շուկաներում: Ամենաայցելվողներից է համարվում Գումի շուկան, որն իր անունը ստացել է մոտակա հանրախանութից:

Այստեղ կարելի է համտեսել և ապա ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, չրեր, քաղցրավենիք և այլն: ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին:

 

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի կապակցությամբ Երևանում 1996-2001թվականներին հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա կառուցվել է մի վեհաշուք եկեղեցի, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարող են միասին աղոթել:

Եկեղեցին արդիական է և նման չէ միջնադարում կառուցված որևէ եկեղեցու:

Տեղադրված լինելով շրջակայքից 15մ ավելի բարձր՝ եկեղեցին տեսանելի է քաղաքի կենտրոնի շատ վայրերից, նաև Հանրապետության հրապարակից և իր խոշոր ծավալով ու տպավորիչ ուրվագծով հարստացնում է Երևանի կենտրոնի համայնապատկերը:

 

 
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}