Երևանի «Արարատ» կոնյակի գործարան
Հայկական կոնյակագործությունը սկզբնավորվել է 1887թվականին բարերար, վաճառական Ներսես Թաիրյանի կողմից: Վերջինս, ոգեշնչվելով իր զարմիկի՝ գինեգործ Վասիլի Թաիրովի գաղափարով, իր գործարանում ներդրեց սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան: Դե իսկ Արարատյան դաշտի բարենպաստ պայմաններում աճող բարձրորակ արևահամ խաղողի շնորհիվ արտադրանքն իսկապես եզակի էր: Եղբայրների այս նախաձեռնությունը ճակատագրական դարձավ թե՛ իրենց, և թե՛ տեղական կոնյակագործության համար:
1899 թվականին ձեռնարկությունը վաճառվեց «Շուստով և որդիներ» ռուսական ընկերությանը: Նոր սեփականատերերը վերակառուցում են գործարանը, ներդնում նորագույն տեխնիկա և ներգրավում ոլորտի լավագույն մասնագետներին: Նրանցից մեկը՝ հայտնի տեխնոլոգ Մկրտիչ Մուսինյանցը նշանակվում է գործարանի կառավարիչ: Նրա եզակի բաղադրատոմսերը նոր թափ են հաղորդում գործարանի բարգավաճմանը և հասցնում միջազգային ճանաչման: Նրա ջանքերով սպիրտների պաշարը պահպանվեց և կարողացավ առանց կորուստների հաղթահարել հեղափոխությունը, ինչի շնորհիվ գործարանը կարողացավ շարունակել իր աշխատանքը՝ ալկոհոլ արտադրող մի շարք այլ ընկերությունների հետ 1923թվականից հանդես գալով որպես «Արարատ» տրեստի մաս:
Խորհրդային միության տարիներին նշանակալի էին Մարգար Սեդրակյանի շնորհիվ ունեցած նվաճումները, մրցանակներն ու պարգևները: Նրա ստեղծած հայտնի կոնյակներն են Նաիրին, Ախթամարը և Դվինը: Այնուամենայնիվ, վարպետի կարևորագույն ձեռքբերումը դարձավ 1953 թվականին կոնյակի արտադրության տեղափոխումը Երևանի կոնյակի գործարանի նորակառույց շենք: Սկսած 1998 թվականից՝ գործարանն հանդիսանում է Pernod Ricard միջազգային խմբի անդամ: Վերջինս համարվում է աշխարհի ամենախոշոր ալկոհոլային ընկերություններից մեկը և մեծապես նպաստում է ալկոհոլի օգտագործման մշակույթի զարգացմանը:
Գործարանն աշխարհում հայտնի է իր «Արարատ» լեգենդար կոնյակի 3 և 5 աստղանի տեսականիով՝ Անի, Ընտիր, Ախթամար, Տոնական, Նաիրի, Դվին, Հայաստան, Երևան, Էրեբունի և այլն:
Հայկական կոնյակագործության այս բովանդակալից պատմությունը ներկայացված է գործարանում գործող «Արարատ» թանգարանում: