Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Հայ գրականության մեջ բոլոր ժամանակներում անգերազանցելի բանաստեղծի և 20-րդ դարի տաղանդավոր մտածողի ու փիլիսոփայի՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է այն բնակարանում, ուր ապրել է բանաստեղծն իր կարճատև կյանքի վերջին տարիներին: Ե. Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր՝ կապված Չարենց-մարդու ու քաղաքացու, Չարենց- բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ: Թանգարանի ֆոնդերի քանակն անցնում է 17 հազարից: Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի, կազմակերպում է չարենցյան լսումներ, ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոններ և այլն: Հուշային մասում իր առանձնակի տեղն ունի բանաստեղծի անձնական գրադարանը: Այսօր մեզ է հասել 1422 կտոր գիրք: