Վեդի Ալկո
Հայաստանյան գինեգործության հայտնի ներկայացուցիչներից է համարվում «Վեդի Ալկո» ընկերությունը, որն ընդգրկում է երկու խոշոր ձեռնարկություն՝ 1938 թվականին հիմնադրված Գետափի գինու գործարանը և 1956 թվականին ստեղծված Վեդիի գինու գործարանը:
Ներկայումս գործարանում արտադրվում է 100-ից ավելի տեսակի ոգելից խմիչք` կիսաքաղցր, անապակ, կիսաանապակ, աղանդերային, կիսաաղանդերային գինիներ, օղիներ, կոնյակներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: Արտադրվող գինու տեսակներից են Երևանցի, Հայք, Վիվատ Արմենիա, Գետափ, Կագոր, Մուսկատ, Սապերավի, Շատո Արենի և այլն, կոնյակինը՝ Դուդուկ, Արաքս, Երևանցի, Շալախո և այլն:
«Վեդի Ալկո» գործարանում ներդրվել են խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներ ու հոսքագծեր: Գործարանի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Մոնղոլիա, ԱՄՆ, ինչպես նաև եվրոպական և մերձբալթյան առաջատար երկրներ: Միջազգային խոշորագույն համտես-մրցույթներում «Վեդի Ալկոյի» արտադրանքն արժանացել է ավելի քան 90 ոսկե մեդալի և այլ խոշոր պարգևների: