Վահանավանք
Վահանավանքի վանական համալիրը գտնվում է Կապան քաղաքից հվ-արմ, Տիգրանասարի լանջին, Ողջի գետի աջ ափին: Այն հիմնադրել է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահանը, ում անունով էլ կոչվել է վանքը: Նա կառուցել է վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի շինարարությունն ավարտվել է 911 թվականին: Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է, ճակատները՝«հայկական խորշերով», կառուցված սրբատաշ բազալտ քարով:
11-րդ դարի կեսին եկեղեցուն արևմուտքից գավիթ է կառուցել վանքի վանահայր և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջևանշիրյանը՝Վահան իշխանի եղբորորդին: Գավիթն իրենից ներկայացնում է ուղղանկյուն դահլիճ՝ երեք թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի այդ կողմին կից սյունասրահը, որը ձգվում է եկեղեցու և գավթի ողջ երկարությամբ: 1046թ.-ին Սյունիքի թագավոր Գրիգոր Ա -ն նորոգել է վանքը:
Համալիրի հարավային կողմում, մուտքի թաղի վրա բարձրանում է Սյունյաց թագուհի Շահանդուխտի և նրա քույր Կատայի կառուցած երկհարկ թաղածածկ փոքր եկեղեցին, որը հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ: Վահանավանքը հայկական ճարտարապետության գեղեցկագույն կոթողներից է, Սյունիքի անգին գանձերից մեկը: Վանական համալիրի տարածքում կա մինչ այսօր գործող 10-րդ դարում կավե խողովակներով կառուցված մի աղբյուր: Վանական համալիրը եղել է Սյունյաց աշխարհի հայտնի մշակութային կենտրոններից մեկը: Այստեղ գործել է նաև դպրոց, որտեղ եկել են ուսանելու մոտակա բազմաթիվ բնակավայրերից: