ՀՀ խորհրդանիշներն են համարվում դրոշը, օրհներգն ու զինանշանը:
ՀՀ օրհներգի տեքստը հիմնված է հայ գրող Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության վրա, որն առավել հայտնի է «Մեր հայրենիք» առաջին բառերով։ Երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է:
Հայաստանի դրոշը կազմված է կարմիր, կապույտ և նարնջագույն գույներից՝ հավասարաչափ հորիզոնական շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ խաղաղ երկնքի ներքո հայ ժողովրդի ապրելու կամքը, իսկ նարնջագույնը՝ հայ ժողովրդի աշխատասիրությունը:
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արշակունիների, Արտաշեսյանների, Բագրատունիների և Ռուբինյանների զինանշանները, որոնց կենտրոնում գտնվում է բիբլիական Արարատ լեռան՝ գագաթին Նոյան տապանով։
Աշխարհագրական քարտեզի վրա՝ Սև և Կասպից ծովերի միջև ընկած ցամաքային տարածքում, Դուք կտեսնեք երիտասարդ աղջկա նուրբ դիմագծերով գլուխ հիշեցնող եզրագծով պատկերված Հայաստանը: Այն աշխարհի հնագույն երկրներից մեկն է, տեղակայված է Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ: Ընդհանուր մակերեսը մոտ 30հզ. կմ քառ.:
Հայաստանի Հանրապետությունը անկախ, ժողովրդավարական պետություն է: Պետության գլուխը համարվում է հանրապետության նախագահը, բարձրագույն օրենսդիր մարմինը Ազգային ժողովն է, իսկ գործադիրը՝ կառավարության գլուխ հանդիսացող վարչապետը: Պետական լեզուն հայերենն է, որն համարվում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ:
301թվականին Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Հայաստանաբնակ հայերի մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եղեղեցին գլխավորում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը համարվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարը: ՀՀ-ը եղել է ԽՍՀՄ անդամ պետությունների շարքում:
Բանկերը Հայաստանում աշխատում են երկ-ուրբ, որոշ մասնաճյուղեր՝ նաև հանգստյան օրերին, աշխատաժամերը՝ 09:30-17:00: Կան նաև բանկեր, որոնք աշխատում են ավելի երկար: Օդանավակայում Ձեզ կսպասարկեն ամեն օր և ցանկացած ժամի: Բանկոմատներ և վճարման տերմինալներ տեղադրված են Երևանում և այլ մեծ քաղաքներում: Դրամական միավորը Դրամն է՝ AMD:
Զվարթնոց միջազգային օդանավակայանը երկրի գլխավոր օդանավակայանն է: Այն տեղակայված է Երևանի կենտրոնից 12կմ հեռավորության վրա: Չվերթների մասին կարող եք տեղեկանալ՝ զանգահարելով (+37410) 493000, (+374) 1-87 կամ այցելելով www.zvartnots.aero կայքէջ: Հայաստանը գտնվում է GMT+4 ժամային գոտում:
Քաղաքային տրանսպորտը Երևանում ներառում է մետրոն, ավտոբուսները, միկրոավտոբուսները և տրոլեյբուսները: Քաղաքում մատչելի են նաև տաքսի ծառայությունները: Նպատակահարմար է մեքենա պատվիրել բջջային հավելվածների միջոցով՝ GGtaxi, Yandex: Քաղաքում տաքսիով տեղափոխվելու համար գումարի միջին չափը կազմում է մոտ 1000 դրամ:
Հայաստանի կոդը 374 է, Երևանինը` 10: Հայաստանից արտերկիր զանգահարելու համար պետք է հավաքել 00, տվյալ երկրի կոդը, քաղաքի կոդը, ապա՝ հեռախոսահամարը: Երկրում գործում են 3 բջջային օպերատորներ՝ Վիվա Սելլ, Բիլայն և Յուքոմ: Բջջային քարտերն ապահովում են 3G կամ 4G կապ և արագ ինտերնետ:
Բոլոր արտակարգ դեպքերում անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով:
Երևանում կարող եք տեսնել բազմաթիվ ցայտաղբյուրներ, որոնց թարմ և սառը ջուրը լավագույն տարբերակն է երևանյան շոգ ամառներին դիմանալու համար: