Տեղերի վանք
Տեղերի վանքը գտնվում է Բյուրականից հյուսիս՝ Տեղեր գյուղում, Արագածի հարավային լանջին: Ըստ շինարարական արձանագրության՝ վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին և նրան արևմուտքից կից գավիթը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը ճարտարապետ Աղբայրիկ վարդապետի ձեռքով: Ավանդությունը վկայում է, որ Մամախաթունը վանքի կառուցման համար ընտրել է այս հեքիաթային ու գողտրիկ վայրը, քանի որ դրա բոլոր ճանապարհները տանում էին դեպի Ամբերդ՝ իր ամուսնու «արծվաբույնը»: Նա ցանկանում էր, որ իր վանքը պահպանի ու պաշտպանի իշխանաց իշխանին: Տեղերի վանքը բազում ասպատակություններից հետո էլ մնացել է խրոխտ ու անառիկ և միչև օրս էլ հսկում է Արարատյան դաշտը: Եկեղեցին (1213-32) ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք: Գմբեթային փոխանցման համակարգն առագաստային է, թմբուկը ներսից և դրսից բոլորաձև:
Գավիթն իր չափերով գերազանցում է եկեղեցուն, կրկնում 13-րդ դարում լայն տարածում ստացած քառասյուն, կենտրոնակազմ տիպը՝ 12 նիստանի ցածրադիր վրանաձև գմբեթով: Սրբատաշ մուգ մոխրագույն բազալտ քարով կառուցված եկեղեցին և գավիթն աչքի են ընկնում իրենց խիստ ձևերով ու հարդարանքի գրեթե բացակայությամբ: Հայկական ճարտարապետության մեջ բացառիկ են գավթի ծածկի վրա անկյուններում կանգուն գմբեթավոր մատուռները, որոնք բավական ինքնատիպ եռագմբեթ ուրվագիծ են հաղորդում Տեղերի վանքին: Տեղեր գյուղը հին ժամանակներում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և կոչվել է նաև Դեղեր։ Վանքի պատերի մոտ կանգուն է մնացել այն շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ քաջարի զինվորները։ Տեղերի վանքն ընդգրկված է գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: