Գ. Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան
Երևանի կենտրոնում՝ Մատենադարանի հարևանությամբ է գտնվում Ջոտտոյի արվեստնոց-թանգարանը: Թանգարան, որ նկարչի և Դիանա Ուկլեբայի համար եղել է տուն և արվեստանոց: 1977 թ. մի խումբ արվեստագետների և վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո, 1897, Թիֆլիս – 1976, Երևան) այրու՝ Դիանա Ուկլեբայի նախաձեռնությամբ, Երևանում բացվեց վարպետի արվեստանոց-թանգարանը, որը երկու տարի անց դարձավ Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկը: Այստեղ ամփոփ ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր: Գ. Գրիգորյանը մասնագիտական կրթություն ստացել է նախ Թիֆլիսում, ապա Մոսկվայում: Մինչև 1962 թվականը նա ապրել ու ստեղծագործել է իր ծննդավայրում, հետագայում՝ Երևանում: Բավականին հարուստ ստեղծագործական ժառանգություն է թողել նկարիչը, որի գերակշիռ մասը պահպանվում է ՀԱՊ-ում և արվեստանոց-թանգարանում: Գ. Գրիգորյանին հետաքրքրող թեմաներն ու սյուժեները բազմազան են, դրանք նա հավասարապես արծարծել է գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներում: 1920-ականների վերջը և 1930-ականների սկիզբը նկարչի ստեղծագործական վերելքի տարիներն էին, երբ նա ակտիվորեն մասնակցում էր Թիֆլիսի մշակութային կյանքին, հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսներին: Այդ շրջանում են ստեղծվել շատ նշանավոր աշխատանքներ, որոնցում վառ կերպով դրսևորվել է երիտասարդ արվեստագետի անհատականությունը: Դրան հաջորդում են արվեստի աշխարհում մերժված լինելու ու մեկուսացման երկու տասնամյակ ձգվող տարիները, որոնց ընթացքում նկարիչն անկոտրում կամքով շարունակել է ստեղծագործել: Դրամատիկ ապրումներով են հագեցած այդ շրջանի նկարները: 1950-ական թվականներին նկարչի արվեստը սկսեց նորովի ընկալվել ու վերարժևորվել: