«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն
Արտիստական թատրոնն ի սկզբանե կրել է հայ անվանի ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի անունը։ Վարագույրներն այստեղ հանդիսատեսի առջև առաջին անգամ բացվել են Մհեր Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ: Գլխավոր հերոս էմանլե Քաստանիեի դերը ներկայացման մեջ մարմնավորել է ինքը՝ մեծանուն արտիստը: Այս դերակատարությունը, ցավոք, դարձավ նրա «կարապի երգը». վերջին դերն էր։ Մհեր Մկրտչյանը մեկ տարի էլ չղեկավարեց թատրոնը։ Նրա մահից հետո թատրոնը անվանակոչվեց Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։ Որոշ ժամանակ թատրոնը գլխավորեց նրա կինը՝ Թամար Հովհաննիսյանը: Սակայն վերջինս էլ ստիպված եղավ մեկնել Հայաստանից: Այդպիսով, թատրոնը չգործեց մի քանի տարի։
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը «Լինսի» հիմնադրամի կողմից հատկացված միջոցներով հիմնանորոգվեց և կրկին վերաբացվեց 2004 թվականին։ Տարիներ շարունակ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը։