Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում: Այն կառուցվել է 1977թվականին ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։ Շենքի գեղարվեստական և ճարտարապետական լուծումները վարպետորեն ներդաշնակեցված են զբոսայգու պուրակային կառուցվածքին։ Կամերային տան շենքը ներաոում է նախասրահ, ճեմասրահ, բեմ և հանդիսասրահ։ Վերջինս կարող է տեղավորել 300 հանդիսականի:
Երաժշտության այս գողտրիկ անկյունում մշտապես տեղի են ունեցել տարաբնույթ համերգներ ու փառատոններ ինչպես հայազգի, այնպես էլ արտասահմանյան հայտնի երաժիշտների մասնակցությամբ: Այստեղ կազմակերպվում են նաև երաժշտական թեմատիկ երեկոներ, արվեստագետների հոբելյաններ, հանդիպումներ, շնորհանդեսներ ու ցուցահանդեսներ:
Կամերային երաժշտության տանն իրենց համերգային ստեղծագործական գործունեությունն են ծավալում Երևանի և Հայաստանի պետական կամերային երգչախմբերը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և այլոք: Մեծ ժողովրդականություն և ճանաչում են վայելում երգեհոնային համերգները: