Կիրանց վանք
Կիրանց, այժմ՝ Գետաշեն գյուղի մոտ հմայիչ բնության գրկում է գտնվում Կիրանց վանքի հուշարձանախումբը: Այն բաղկացած է երեք եկեղեցիներից, սեղանատնից և մի քանի տնտեսական շենքերից՝ բոլորը շրջապատված պարիսպներով: Վանքի համարյա բոլոր կառույցներն աղյուսաշեն են և այդ տեսակետից համարվում են հայկական միջնադարյան ճարտարապետական եզակի հուշարձաններ: Եկեղեցու հատակագծային ձևերը, դեկորատիվ միջոցները և համաչափությունները թույլ են տալիս ենթադրել, որ վանական այս համալիրը կառուցվել է 12-13 – րդ դարերում։ Ժողովրդական մի ավանդության համաձայն, հուշարձանը կառուցող քարագործ վարպետն ունենում է շատ ընդունակ աշակերտ: Նա մեն-մենակ է կառուցում այս վանքը: Կառուցելուց հետո կանչում է վարպետին՝ իր առաջին աշխատանքը գնահատելու: Վանքն այնքան փառահեղ է լինում, որ անվանի վարպետը հիանում է և ասում «Կիրը անց ես կացրել», այսինքն՝ արել ես ավելին քան գրված էր, նախագծված էր: Գլխավոր եկեղեցին ունի քառանկյուն հատակագիծ, արևելյան կողմում շրջապատված աբսիդով և մեկական ավանդատնով:
Արտաքին ու ներքին ճարտարապետության մեջ իշխում են ուղղաձիգ համաչափությունները, որոնց նպաստում են ծածկերի սլաքաձևությունը, գմբեթի թմբուկի և վեղարի ձգվածությունը: Մյուս երկու եկեղեցին նույնատիպ են, բայց ավելի փոքր: Բոլոր երեք եկեղեցիների դռներն էլ բացվում են արևմտյան կողմում գտնվող կամարակապ սրահից։ Սեղանատունը վանքի ուշագրավ աշխարհիկ հուշարձաններից է, պահպանվել են միաբանության բնակարանների մնացորդներ, գերեզմանատունը՝ տապանաքարերով: