Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ական թթ. վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած մի խումբ նվիրյալների ջանքերով հիմնադրվել է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն հիմք է հանդիսացել Ժողովրդական արվեստի թանգարանի կազմավորման համար: Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978թ., Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, հիմնադիր և առաջին տնօրեն՝ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյան: Հայ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը մշակույթի այն եզակի օջախներից է, որը զբաղվում է հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի և ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերման, պահպանման, վերականգնման, ուսումնասիրման ու հանրահռչակման աշխատանքներով: Հավաքածուն ընդգրկում է փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի, խեցեգործության, գորգի ու կարպետի, ասեղնագործության ու ժանյակի, գեղանկարչության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներին վերաբերող շուրջ 10.000 աշխատանքներ: Ցուցանմուշների մեծ մասը բարձրարժեք ստեղծագործություններ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմաազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման տարբեր փուլերը: Այցելելով ժողովրդական արվեստի թանգարան՝ Դուք կծանոթանաք հայ վարպետների կողմից տարբեր ժամանակներում ստեղծած ինքնատիպ գործերին: