Հնեվանք
Հնեվանքի համալիրը հայկական ճարտարապետական հուշարձան է, որը գտնվում է Ձորագետի աջ ափին: Այժմյան կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ: Գլխավոր եկեղեցին (7-րդ դար) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է: Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավայինը ծածկված է խաչային, իսկ հյուսիսայինը՝ կիսագլանային թաղերով: Թմբուկը դրսից ութանիստ է՝ հատած զույգ կիսասյուներին հենվող որմնակամարներով, որոնց կամարամիջոցներում քանդակներ են: Գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպալասարի որդի Սմբատը: Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր: Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հարավից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին:
Գավթի հյուսիսային կողմի միանավ թաղակապ եկեղեցուց պահպանվել են խորանի մասը և պատերի երկու շարքը: Բաղկացած է եղել երեք եկեղեցուց, գավթից, տնտեսական և օժանդակ շինություններից, որոնք բոլորն էլ ներկայումս ավերակ վիճակում են, մի մասը՝ չնչին մնացորդներով: Հիմնական կառույցը, որը նաև հնագույնն է, գտնվում է համալիրի կենտրոնական մասում, արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև եռախորան գմբեթավոր եկեղեցի է, որի արևմտյան թևը չի պահպանվել: