Զվարթնոց տաճարը կառուցվել է 7-րդ դարում է և հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Ըստ պատմիչների տեղեկությունների՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին: 20-րդ դարի վերջին տասնամյակներին վերականգնված Զվարթնոցը հայտնի է աշխարհին: Զվարթնոցը համարվում է եզակի ճարտարապետական կառույց: 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցն Էջմիածնի Մայր տաճարի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Զվարթնոցի անվան հետ կապված կա մի հետաքրքիր պատմություն: “Զվարթուն” հայերեն նշանակել է նաև “հրեշտակ”, այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»: Համաձայն պատմիչ Ագաթանգեղոսի վկայության՝ ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել դպրության, երազահանության, իմաստության և արվեստի աստծո՝ Տիրի հեթանոսական մեհյանը: Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար: Գտնված իրերն ապացուցում են, որ միջնադարում Հայաստանում լայն գարգացում են ունեցել արհեստագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը և երկրագործությունը: Նշված բոլոր գտածոները պահպանվում են Զվարթնոցի ֆոնդում և ցուցադրվում են թանգարանում: Հայտնաբերվել են նաև մի շարք քանդակազարդ քարեր: