Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան
Թանգարանը հիմնադրվել է 1937 թ. ականավոր երկրաբան, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆ. Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ: Թանգարանի առաջին ցուցադրումը կազմակերպվել է նրա հարուստ հավաքածուի հիման վրա և հետագայում համալրվել հիմնականում Հայաստանի երկրաբանների ցուցանմուշներով: Հ.Կարապետյանի մահից հետո (1943 թ.) թանգարանին 1944 թ. շնորհվեց նրա անունը: Թանգարանի 11000 նմուշներից ցուցադրական ֆոնդը կազմում է շուրջ 2700 նմուշ, որոնք բաշխված են 6 բաժիններում՝ հնէաբանության, հրաբխականության, Հանքաբանության, օգտակար հանածոների, ապարաբանության, հանքային ջրերի: 2012 թ. թանգարանում բացվեց ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների հատուկ սրահ, որտեղ ցուցադրված են ինչպես նրա կողմից թանգարանին նվրիրված տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, այնպես էլ Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները: Վերջին տարիներին թանգարանում իրականացվել են մի շարք զգալի նորամուծություններ: Ստեղծվել է «Բնագետ» էկոակումբը, որի տարբեր տարիքային խմբերում երեխաները ծանոթանում են Հայաստանի երկրաբանությանն ու առկա էկոլոգիական հիմնախնդիրներին: Թանգարանը կազմակերպում է բաց դասեր, ուսումնական արշավներ, էքսկուրսիաներ՝ Կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրվող մրցույթների շրջանակներում: