Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
19-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է այն նույն տանը, որտեղ ապրել է բանաստեղծն իր կյանքի վերջին տասը տարիներին: 1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունում: Շենքը կառուցվում է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ` սրբատաշ սև տուֆ քարով: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռի` եռանկյունի գմբեթով, մուտք – գավիթով:Գլխավոր մուտքի կողմից` երկրորդ հարկում` կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը: Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք: Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին: Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում գեղեցիկ ծաղկանոցներ են:Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և ապագա սերունդներին փոխանցել այն իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Թանգարանը յուրահատուկ է իր մեծ հավաքածուով: Թերևս ոչ մի թանգարանում բնօրինակն այնքան նույնությամբ պահպանված չէ, որքան այստեղ: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գրական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, գիտական բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի գործիչների հետ և այլն։