Կարմիր բլուր հնավայր (Թեյշեբաինի)
Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին է գտնվում Կարմիր բլուր հնավայրը, որի տարածքում մ.թ.ա. VIIդ. 1-ին քառորդում Ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի (685-645թթ.) օրոք հիմնադրվել է Թեյշեբաինի բերդ-ամրոցը: ԹԵՅՇԵԲԱԻՆԻ – ուրարտական քաղաք-ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ի կողմից, Թեյշեբա աստծո պատվին: Գտնվում է Երևան քաղաքի հարավ- արևմտյան արվարձանում, Կարմիր Բլրի վրա: Քաղաքը զբաղեցրել է 100,0 հա տարածություն, բուն միջնաբերդը` 4,0 հա: Եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ (առաջին հարկ), սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ (երկրորդ հարկ): Թեյշեբաինիի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութը կարելի է տեսնել ՙԷրեբունի՚ պատմահնագիտական արգելոց – թանգարանում: Թեյշեբաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում: Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Ուրարտուի շատ բերդ-ամրոցներում` մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Ուրարտուի և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը: