Ցանկանո՞ւմ եք վայելել ձմեռային անմոռանալի հանգիստ, ուրեմն Հայաստանը հենց այն ուղղությունն է, որը Դուք կսիրեք նաև ձմռանը: 

Տարվա յուրաքանչյուր եղանակ իր ուրույն գեղեցկությունն ունի,  հատկապես Հայաստանում։  Բացառություն չէ նաև ձմեռը։ Ձմեռային էքսկուրսիաների սիրահարներին առաջարկում ենք լիարժեք և ակտիվ ձմեռային  հանգստյան օրեր Հայաստանում։ 

 

Ձմեռը Հայաստանում

Յուրովի գեղեցիկ է  Հայաստան աշխարհը հատկապես ձմռանը։  Անձեռակերտ լեռնային բնապատկերներն անշուշտ կգրավեն Ձեզ,  մանավանդ եթե լեռնադահուկային սպորտի սիրահար եք։

Ձմռան  հանգստի ամենաակտիվ ու անգերազանցելի  վայրը Հայաստանում մնում է ձյունածածկ հեքիաթային Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։  Այստեղ հաշվի է առնված  ամեն մանրուք, որ Ձեր հանգիստը կվերածի տոնախմբության՝ պարգևելով  անմոռանալի ջերմացնող ձմեռ։ Լեռնադահուկային սպորտի և լեռնային զբոսաշրջության սիրահարները կարող են օգտվել լեռնային մրցուղիներից, մասնագետ-հրահանգիչների  օգնությամբ  մասնակցել ժայռագնացության տուրերին, ճոպանուղի նստել, դահուկ ու սնոուբորդ քշել, ի վերջո սլանալ  «Բուրան»  ձյունագնացով ՝  վայելելով  սլացքի արագության բերկրանքը։ Իսկ ինչքան հաճելի է ցերեկվա ակտիվ գործողություններից հետո օգտակար թեյախմությամբ վայելել երեկոն բարձրակարգ հյուրանոցում։

Իրական հեքիաթ  է Ձեզ խոստանում  ձմեռային հանգիստը նաև Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում․ Դիլիջան, Իջևան, Աղվերան, Աղավնաձոր, Ջերմուկ, Լոռի, որտեղ կան ճոպանուղիներ,  լեռնադահուկային  արահետներ,  ձմռան ցրտին տաք գեյզերները վայելելու և ձմեռային ռաֆթինգով զբաղվելու հնարավորություն,  իսկ բարձրակարգ սպասարկմամբ հյուրանոցներում Ձեր քաղցը հագեցրեք հայկական ավանդական խոհանոցի համադամ  կերակրատեսակներով։

Ահա իսկ  ձմեռային Ջերմուկում գերազանց կարող եք համատեղել ձմեռային ակտիվ հանգիստը բուժական հանգստի հետ։

 

Ձմեռը Երևանում

Որոշել եք ձմեռն անցկացնել  Երևանում,  վստահ եղեք՝  չեք զղջա, մանավանդ, եթե եղանակը ձյունառատ լինի։ 

Ձմռան հաճույքները լիարժեք վայելելու համար  անպայման այցելեք Երևանի կենտրոնում գտնվող Կարապի լճի սահադաշտ։ Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի ակտիվ սիրահարների համար այն իրոք իդեալական վայր է,  որտեղ  գործում է բուժկետ, սրճարան, մշտապես ներկա է մարզիչ։                       

Մեկ անգամ այցելելով 2016 թվականի դեկտեմբերից Թբիլիսյան խճուղի 1/8 (Ազատության պողոտա 27)  հասցեում գործող Ձմեռային այգի՝  Դուք ուղղակի կսիրահարվեք  այգուն, Ձեզ կպարուրի երևանյան ջերմ ձմեռը և արդեն իսկ կմտածեք նորից վերադառնալու մասին։ Սա մի հրաշալի հանգստի գոտի է՝ բոլոր հարմարություններով, նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Ձմեռային ժամանցի այս հետաքրքիր վայրում կարող եք սահել սահադաշտում, սղալ տարբեր սղարաններով, ձնագնդի խաղալ, ականատես լինել բազմաբնույթ շոուների։ Ձեզ անպայման կհետաքրքրի նաև Սանտայի տնակը, որտեղ աննախադեպ ջերմությամբ ու սիրով Ձեզ կդիմավորի Ձմեռ պապը  (Սանտա Կլաուսը)` իր օգնական փերիներով։

Անցկացրեք ձմեռը Հայաստանում և կուտակեք ամենաուրախ տպավորությունները, քանի որ մենք մշակել ենք ձմեռային հրաշալի տուրեր և փաթեթներ դեպի Հայաստան հենց Ձեզ համար: