Դուք արդեն սուրճ եք խմել Երևանի սրճարանների բացօթյա պատշգամբներից մեկում, տեսել եք Կասկադը և հիմա մտածում եք՝ ինչ անել քաղաքից դուրս։ Մենք կարծում ենք, որ անելու բաներ շաաաատ կան։ Ու ամենալավ նորությունն այն է, որ պարտադիր չէ լինել փորձառու արշավական կամ մեկ օրից ավել ժամանակ ծախսել դրանում համոզվելու համար։
Ահա 4 արշավային երթուղի, որոնք հասանելի են գրեթե յուրաքանչյուր զբոսաշրջիկի, և դրանցից յուրաքանչյուրն բացահայտում է լիովին տարբերվող մի աշխարհ։
1. Հեքիաթային Լաստիվեր
Եթե ամբողջ ճամփորդության ընթացքում պետք է ընտրեք միայն մեկ արշավ, ապա ընտրեք Լաստիվերը։ Թաքնված հյուսիսում՝ Տավուշի մարզի խիտ անտառներում, այս արշավային արահետը ձեզ կտանի հարուստ ու կանաչ կիրճով՝ դեպի ջրվեժներ, հնագույն քարանձավային կացարաններ և գետի վրայով անցնող պարանե կամուրջներ։ Այստեղ անտառն այնքան խիտ է, որ թվում է, թե հայտնվել եք այլ մոլորակում։
Երթուղին մոտ 6 կմ է և հանգիստ տեմպով տևում է 3-4 ժամ։ Հատուկ ֆիզիկական պատրաստվածություն պետք չէ. պարզապես հագեք հարմարավետ կոշիկներ և լիցքավորեք հեռախոսը, որովհետև այստեղ ավելի շատ լուսանկարներ կանեք, քան ողջ ճամփորդության ընթացքում։
-
Հեռավորությունը: ~6 կմ (շրջանաձև երթուղի)
-
Բարդությունը: Հեշտ
-
Ում համար է: Բնության սիրահարների, լուսանկարիչների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց զգալ գաղտնի վայրերի հայտնագործող։
2. Ծաղկաձորից Բջնի
Սա գծային (մեկ ուղղությամբ) երթուղի է, որը սկսվում է հանրահայտ Ծաղկաձոր առողջարանային քաղաքից և ավարտվում միջնադարյան Բջնի գյուղում։ Ճանապարհին դուք կանցնեք սոճիների անտառներով, բաց ու կանաչ մարգագետիններով, իսկ վերջում ձեր առջև կբացվի ժայռի գագաթին վեհորեն կանգնած Բջնիի բերդի տեսարանը։
Արահետի երկարությունը մոտ 12 կմ է, սակայն տեղանքը բավականին հարթ ու մեղմ է, ինչի շնորհիվ մարդկանց մեծ մասն այն հաղթահարում է կես օրում։ Իսկ այն փաստը, որ սկսում եք մի վայրից, իսկ ավարտում լիովին այլ տեղում, քայլարշավին հաղորդում է արկածի զգացողություն, այլ ոչ թե պարզապես «դեպի հետ ու առաջ» քայլքի։
-
Հեռավորությունը: ~12 կմ
-
Բարդությունը: Հեշտ / Միջին
-
Ում համար է: Այն ճանապարհորդների, ովքեր սիրում են, որ քայլարշավի վերջում իրենց սպասվի գեղեցիկ ու պատմական նպատակակետ։
3. Սմբատաբերդ ամրոց
Ցանկանո՞ւմ եք բարձրանալ 5-րդ դարի ամրոց և այնտեղ լինել գրեթե լիակատար մենության մեջ։ Դա Սմբատաբերդն է։ Վայոց Ձորի մարզում՝ Ազատ գետի կիրճի վերևում գտնվող բարձր լեռնաշղթայի վրա, այս միջնադարյան ամրոցը Հայաստանի ամենատպավորիչ թաքնված գանձերից է։
Վերելքը Արտաբույնկ գյուղից տևում է մոտ մեկ ժամ. տեղ-տեղ այն զառիթափ է, բայց կարճ։ Երբ հասնեք վերև, կիրճի և շրջակա լեռների տեսարանից պարզապես շունչներդ կկտրվի։ Իսկ եթե այս քայլարշավը համատեղեք մոտակա Ցախաց Քար վանական համալիրի այցելության հետ, կունենաք լիարժեք ու անմոռանալի օր։
-
Հեռավորությունը: ~4 կմ (դեպի հետ ու առաջ)
-
Բարդությունը: Միջին (կարճ, բայց զառիթափ վերելք)
-
Ում համար է: Պատմության սիրահարների և նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել մեծ տեսարաններ՝ առանց տիտանական ջանքերի։
4. Պարզ լճից Գոշ լիճ — խաղաղ ու անտառային քայլարշավ
Այս երկու լճերն էլ գտնվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում՝ Հայաստանի ամենականաչ ու անտառապատ անկյունում։ Այս երթուղին միացնում է երկու գեղեցիկ լեռնային լճերը՝ անցնելով կաղնու և հաճարենու խիտ անտառներով, փոքրիկ ջրվեժների կողքով ու հատելով մաքուր առվակներ։
Սա երկրի ամենամատչելի և հեշտ արահետներից մեկն է. չկան կտրուկ վերելքներ կամ բարդ հատվածներ։ Միայն դուք և վայրի անտառը։ Իդեալական տարբերակ է, եթե ձեր խմբում կան մարդիկ, ովքեր սովոր չեն երկար արշավների, բայց շատ են ցանկանում վայելել բնությունը։
-
Հեռավորությունը: ~8 կմ
-
Բարդությունը: Հեշտ
-
Ում համար է: Ընտանիքների, հանգիստ քայլքի սիրահարների և բոլոր նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են մաքուր անտառային օդ շնչել։
Մի քանի օգտակար խորհուրդ․
-
Ընտրեք ճիշտ կոշիկներ։ Արահետները կարող են լինել անհարթ, քարերով ու ծառերի արմատներով։ Սովորական մարզակոշիկները լիովին բավարար են այս երթուղիների մեծ մասի համար։
-
Վերցրեք ավելի շատ ջուր, քան նախատեսում էիք։ Մայիսից հոկտեմբեր ամիսներին Հայաստանում շոգ է և արևոտ։
Հայաստանի արահետները արդեն սպասում են ձեզ։ Այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է՝ մեկ ազատ օր է և մի զույգ հարմարավետ մարզակոշիկ։