Ինչու և ինչպես նշել Ամանորը Հայաստանում

Որոշել եք նշել Ամանորը Հայաստանու՞մ, հրաշալի է, պատրաստ եղեք, որ կհայտնվեք  հիանալի միջավայրում, որտեղ  կզգաք հարազատություն և պատրաստակամություն՝ կատարյալ դարձնելու Ձեր հանգիստն ու տոնական օրերը։

Ինչպես են նշում Նոր տարին Հայաստանում

Հայաստանում յուրովի են գնահատում և կարևորում Ամանորը, հատուկ ջերմությամբ  են վերաբերվում Ամանորին և այն  դիմավորելուն պատրաստվում են  մանրակրկիտ՝ հավատարիմ մնալով դարերից եկող ավանդույթներին ու սովորույթներին։ Հայերիս համար այն վերածվում է իսկական տոնի՝  ներառելով ինչպես ավանդական, այնպես էլ  տոնակատարության ժամանակակից տարրեր։  Հայերս  նաև համոզված  ենք, որ ինչպես դիմավորենք Ամանորը, այնպես էլ կլինի Գալիք տարին։ Այդ է պատճառը, որ անցնող տարին ճանապարհում  և նորը դիմավորում  ենք որքան հնարավոր է առատ ու լի սեղանների շուրջ՝ բարի ու  գեղեցիկ  բարեմաղթանքներով։ Ամանորյա հետաքրքիր սովորույթ է հայերիս  մոտ տունը մաքրելը, Գալիք տարին  նոր ու մաքուր դիմավորելը՝  այդ ընթացքում ազատվելով նաև հին ու ոչ պիտանի իրերից։ Մեր ժողովրդի համար այս կարևոր տոնը սիրում ենք սովորաբար անցկացնել ընտանեկան ջերմ միջավայրում՝ հարազատներով  շրջապատված։

Հայաստանում Ամանորյա տոները տևում են երեք օր․ ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը։ Բայց  տոնական տրամադրությունը, իրար շնորհավորելը և բարեմաղթանքներ փոխանակելը շարունակվում են մինչև հունվարի  13-ը, ինչպես ընդունված է հայերիս մոտ, մինչև հին տոմարով Նոր տարվա գալը։ 

 

Ամանորյա տոներին Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, իսկ հատկապես Երևանը զարդարվում են և ողողվում լույսերի հեղեղով։ Այդ զարդարանքների մեջ առավել աչքի են ընկնում  տվ յալ տարվա խորհրդանիշը հանդիսացող ամենատարբեր խաղալիքներն ու զարդարանքի առարկաները։  Գալիք՝ 2023 թվականի խորհրդանիշը սև ճագարն է, որն անպայման  ցանկությունների կատարում և երազանքների  իրականացում պետք է բերի յուրաքանչյուրիս։  Տոների կապակցությամբ նաև նվերներ  են մատուցում միմյանց։ Նվերներ է բաժանում  նաև Ձմեռ պապը, որը հյուր է  լինում տարբեր ընտանիքներում կամ մանուկների համար կազմակերպված այլազան միջոցառումներում ։ Ձմեռ պապն ու Ձյունանուշը  մշտապես ներկա են լինում Երևանի գլխավոր տոնածառի մոտ կազմակերպվող ամենատարբեր շոու ծրագրերին՝ երեխաներին ուրախացնելով իրենց նվերներով։ Հանրապետության հրապարակում կվայելեք  այնտեղ տեղադրված  Հայաստանի ամենամեծ և ամենաճոխ հրաշք տոնածառը։ Գեղեցիկ  ու ճաշակով զարդարված տոնածառեր են տեղադրվում նաև մայրաքաղաքի վարչական յուրաքանչյուր շրջանի տարածքներում։ Դրանք երեկոյան և գիշերային ժամերին փայլում են լույսերից՝ մայրաքաղաքը հեղեղելով  լույսերի անափ օվկիանոսում։ Իսկ տոնածառերի շուրջ աներևակայելի իրարանցում և ուրախություն է տիրում։ Եռում է նաև առևտուրը։ Իսկ ահա  Երևանի Ձմեռային այգում կազմակերպվող շոու ծրագիրն իրական  տոն  ու անմոռանալի հեքիաթային պահեր կպարգևի  հատկապես  Ձեր  երեխաներին՝  իր հիանալի սահադաշտով և Ձմեռ պապի տնակներով։

Ամանորյա տուրերը հրաշալի հնարավորություն են  վայելելու Հայաստանյան ձմեռը, դիմավորելու Նոր տարին և առավել մոտիկից ծանոթանալու  հայ ժողովրդի բացառիկ հյուրընկալությանը, ամանորյա ավանդույթներին, ճաշակելու  հայկական ավանդական համադամ կերակուրները։ Ամանորյա հայկական  սեղանները  մշտապես լի են ու առատ, մասնավորապես սեղաններից անպակաս են հայկական համուհոտով տոլման, քյուֆթան, խորովածն ու Սևանա լճի սիգը,  Հայկական կոնյակ, արևահամ  խաղողի անապակ գինիներն  ու առողջարար հանքային ջրերը։

Ամանորյա պատրաստությունները Հայաստանում սկսվում են դեկտեմբերի սկզբից։ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում տիրում է Ամանորյա եռուզեռը։ Այստեղ միշտ ուրախ են հյուրընկալելու աշխարհի տարբեր ծագերից ժամանած հյուրերին։

Ակտիվ սպորտի սիրահարները Ամանորը և Սուրբ ծնունդը կարող են  դիմավորել ոչ միայն Երևանում, այլ  Հայաստանի հանգստի շատ վայրերում՝ համատեղելով  նախընտրելի հանգիստը տոնական միջոցառումների հետ․ Ջերմուկ, Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան, Լոռի, Իջևան, վայրեր, որտեղ Դուք կարող եք լեռնադահուկային սպորտով զբաղվել՝ միաժամանակ դիմավորել Ամանորը ջերմ մթնոլորտում։

Մշակութային հետաքրքիր ծրագրեր են նախատեսվում Ամանորյա արձակուրդներին, առավելապես երեխաների համար։ Տոնական ներկայացումները սկսվում  են  դեկտեմբերի 20-ից և շարունակվում մինչև դեկտեմբերի 30-ը, ապա հունվարի 1-ից մինչև 13-ը։ Այդ օրերին  բոլոր թատրոններում, համերգասրահներում, մշակույթի կենտրոններում երեխաների համար կազմակերպվում են հետաքրքիր շոու ծրագրեր, երեխաներին հյուր են լինում իրենց սիրելի հեքիաթների հերոսները։ 

Ձմեռային հանգիստը Հայաստանում իր մեջ ներառում է  ակտիվ հանգիստ Հայաստանի հայտնի և կարևոր տուրիստական քաղաքներում, այցեր մշակութային  կենտրոններ,  թատերական  ներկայացումներ, թանգարաններ ։  Երևանի քաղաքապետարանը ամանորյա տոներից ամիսներ առաջ հաստատում է տոների շրջանակներում  քաղաքում  անցկացվելիք  միջոցառումների ծրագիրը։  Որպես ուղեցույց ունենալով այդ ծրագիրը՝ կարող եք ներկա գտնվել   մայրաքաղաքում կազմակերպվող Ձեզ հետաքրքրող  տարաբնույթ միջոցառումներին։ 

Եթե ընդունել եք  ճիշտ որոշումը՝  Ամանորն անցկացնել Հայաստանում, ապա կարող եք օգտվել նաև ամենօրյա անմոռանալի տուրերից Հայաստանի ամբողջ տարածքում դեպի հայտնի տեսարժան վայրեր՝ Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլուր։  Ձեզ կգերի Գառնիի հեթանոսական տաճարը, որը   ձմռանը ստանում է   տպավորիչ հետաքրքրություն՝ առավել ընդգծելով  իր  մենավոր վեհությունը։

Անմոռանալի հանգստյան օրերը համեմելով  ամենօրյա էքսկուրսիաներով՝  վայելեք  Հայաստանյան անմոռանալի ու մեղմաշունչ  ձմեռը, ինքներդ Ձեզ պարգևեք հիասքանչ պահեր։