Ինչո՞ւ այցելել Հայաստան աշնանը
Եթե որոշել եք այցելել Հայաստան աշնանը, ապա Դուք ընտրել եք ճիշտ ժամանակ Հայաստանի տեսարժան վայրերն առավել գունագեղ բացահայտելու համար:
«Ոսկե աշուն», սովորաբար այսպես են անվանում աշունը Հայկական լեռնաշխարհում և հայոց ոստան Երևանում։ Ոսկե աշուն, երբ Հայաստանի լեռները ներկվում են ազնիվ մետաղի ու դեղնակարմրի բոլոր երանգներով՝ փայլատակելով աշնան արևի մեղմ ճառագայթներից։
Ձեզ ենք ներկայացնում 3 կարևոր պատճառ և առավելություն՝ աշնանը Հայաստան այցելելու համար.
- Աշնանային եղանակը Հայաստանում առողջարար է, քանզի այն հագեցած չէ խոնավությամբ, օդը բավականին չոր է, հաճելի ու ջերմացնող։
- Աշունը Հայաստանում կարող է երկարատև լինել՝ սեպտեմբերից ձգվելով մինչև նոյեմբերի վերջ, ինչը հնարավորություն է տալիս պլանավորել Ձեր հանգիստը աշնան ցանկացած ամսին։
- Աշնանը Հայաստանում կարող եք մասնակցել բերքավաքի, չրերի և զանազան պահածոների պատրաստման գործընթացներին, վայելել ամենահամեղ և հասուն բերքը:
Աշուն է, ոսկեզօծ աշուն, իսկ հայոց արտերում ու այգիներում՝ բերքահավաք։ Եթե զբոսաշրջության եք եկել Հայաստան աշնանը, ունեք նաև առավելություն տարվա մյուս եղանակների հետ համեմատ․ Ձեզ բախտ կվիճակվի տեսնել, մոտիկից ճանաչել հայ մարդուն, բացահայտել նրա անսահման աշխատասիրությունը, նրա հետ միասին մասնակցել բերքահավաքի աշխատանքներին, քարից հաց քամելու տքնանքին։
Տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանում աշնանը
Իսկ Դուք գիտեք, թե որքա՜ն նպաստավոր է հայաստանյան աշունը զբոսաշրջության համար, երբ տժտժան շոգին արդեն հաջորդել է մեղմ, Հայաստանը յուրովի ու լիարժեք բացահայտելու իդեալական եղանակը։
Աշնանային էքսկուրսիաները և տուրերը Հայաստանում բավականին յուրահատուկ են, իսկ առավել հետաքրքիր են քայլարշավները, երբ պետք չունես թաքնվելու արևի կիզիչ ճառագայթներից ու ամեն վայրկյան խմելու զովացուցիչ ըմպելիքներ։ Մշակութային, պատմական, գաստրո և գինու տարատեսակ խմբային ու անհատական տուրերի միջոցով կարող եք մասնակցել խաղողի բերքահավաքին, այն ճզմելու և խաղողից հայոց անմահական գինի ստանալու գործընթացներին։ Կարող եք մասնակցել հայկական բերք ու բարիքից ամենատարբեր պահածոներ պատրաստելու աշխատանքներին։ Իսկ չրանոցներում անպայման մասնակցեք հայկական արևահամ մրգերից չրեր պատրաստելու արվեստին․ չէ որ դրանք ոչ միայն ախորժալի են ու գրավիչ իրենց տեսքով, այլև առողջարար են և ունեն բուժիչ հատկություններ։
Աշուն է, հայկական անմոռանալի գունագեղ աշուն, և Դուք Հայաստանում եք, ուստի մի կորցրեք առիթը մասնակից լինելու ժրաջան մեղուների աշխատանքն ամբարելու յուրահատուկ գործընթացին․ մեր անմոռանալի խմբային կամ անհատական տուրերը Ձեզ հնարավորություն կընձեռեն այցելել հայտնի մեղվաբուծական տնտեսություններ, որտեղ էլ կմասնակցեք «կենաց նեկտարի»՝ մեղրի արտադրության բավականին բարդ աշխատանքներին, կունենաք վարպետաց դասեր և համտեսներ։
Տպավորություններով լի, հիրավի հիասքանչ օրեր կպարգևեն Ձեզ աշնանը կազմակերպվող տուրերն ու էքսկուրսիաները Հայաստանում, իսկ մենք կհոգանք, որ Ձեր հանգիստը կազմակերպված լինի անհատապես Ձեր նախասիրություններին և ցանկություններին համապատասխան: Սիրով սպասում ենք Ձեզ՝ բացահայտելու և վայելելու հայաստանյան ջերմ ու գունագեղ աշունը: