Ջերմուկ քաղաքը գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա՝ Վայոց ձորի մարզում: Ալպիական մարգագետիններով, անտառներով և լեռնային գետակներով հարուստ քաղաքը հայտնի է իր առողջարաններով, մաքուր և կանաչ գոտիներով։ Քաղաքում չկան մթնոլորտն ու շրջակա միջավայրն աղտոտող գործարաններ: Գտնվելով ծովի մակարդակից 2090 մետր բարձրության վրա՝ քաղաքում ամառները զով է, իսկ ձմեռները՝ ձյունառատ։ Ջերմուկ քաղաքը շրջապատված է 2500-3000 մետր բարձրության հասնող լեռնագագաթներով, որտեղ էլ կազմակերպվում են քայլարշավային և հեծանվային բազմաթիվ երթուղիներով հարուստ էքսկուրսիաներ: Ջերմուկում գործող բարձրակարգ և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող առողջարաններում կարելի է վայելել քաղաքի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` առողջարանները տրամադրում են կատարյալ պայմաններ լիարժեք հանգստի համար: Առողջարաններն առաջարկում են կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար՝ կապված աղեստամոքսային տրակտի, նյարդային և հենաշարժողական հիվանդությունների հետ: