Ինչ անել Երևանում 2019 թ.-ին

Երևանն իր հարուստ մշակույթն է առաջարկում այն զբոսաշրջիկներին, ովքեր հետաքրքրված են մշակութային զբոսաշրջությամբ: Երևանն աշխարհի այն քաղաքներից է, որտեղ կարելի է տեսնել բազմաթիվ պատմամշակութային կոթողներ և հուշարձաններ: Յուրահատուկ ճարտարապետությունը հայկական մշակույթի գլուխգործոցն է: Զբոսաշրջիկը միանշանակ կարող է հետաքրքիր վայրեր գտնել Երևանում: Ստորև ներկայացնում ենք նշված վայրերից մի քանիսը.

Vernissage in Yerevan

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Երևանում և Ձեզ է ներկայացնում հնագույն և բացառիկ ձեռագրերի հավաքածուներ:Այն համարվում է «Ազգային հիշողության պահպանման և զարգացման» ամենակարևոր վայրերից մեկը: Մատենադարանի թանգարանային համալիրը բաղկացած է 15 ցուցասրահներից, որոնցում ներկայացված են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի՝ շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են և′ ամբողջական ձեռագրեր, և′ ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ, ինչպես նաև օտարալեզու ձեռագրեր:

ational-gallery-of-armenia

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահն իր ուրույն տեղն ունի հանրապետության մշակութային հաստատությունների շարքում: Պատկերասրահի հիմնադրման սկզբից (1921թ.) պետական ու հասարակական գործիչների, արվեստագետների, կոլեկցիոներների, անհատ անձանց աջակցությամբ կազմավորված հարուստ հավաքածուն ընդգրկում է ազգային և համաշխարհային կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ ցուցանմուշներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հավաքածուի հիմնական առանցքը հայ արվեստն է, որը մշտական ցուցադրությունում ներկայացվում է պատմական զարգացման կարևորագույն փուլերով՝ միջնադարյան որմնանկարչության և մանրանկարչության, 17-19-րդ դարերի եկեղեցական գեղանկարչության՝ քանդակի, կիրառական արվեստի գործերով, նոր և նորագույն շրջանների փայլուն համաստեղության՝ Հ. Հովնաթանյանի, Հ. Այվազովսկու, Վ. Սուրենյանցի, Մ. Սարյանի, և շատ ուրիշների ստեղծագործություններով:

gum market

Գումի շուկա

Հայ ժողովուրդը դարեր ի վեր հայտնի է իր հյուրընկալության ավանդույթներով, որի մեջ  կարևոր դերակատարություն ունի հարուստ ու բազմազան խոհանոցը, համեղ միրգն ու բանջարեղենը, յուրահատուկ համեմունքներն ու քաղցրավենիքը: Հայկական խոհանոցում օգտագործվող սննդամթերքը կարելի է գտնել երևանյան շուկաներում: Ամենաայցելվողներից է ԳՈՒՄ-ի շուկան, որն իր անունը ստացել է մոտակա  հանրախանութից:  Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, չրեր, քաղցրավենիք և այլն: ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին:

yerevan_churches

Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Սուրբ Կաթողիկե եկեղեցին Երևանի ամենահին եկեղեցին է, կառուցվել է դեռևս 13-րդ դարում: Այն տեղակայված է Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում: Եկեղեցին համարվել է նաև հին Երևանի ամենամեծ եկեղեցին: Այն վերակառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695 թթ:​

Վերնիսաժ

Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, գորգեր, ոսկերչական իրեր, զարդեր, նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, կավե, փայտե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։