Երերույքի տաճար

Գտնվելու վայրը՝ Շիրակի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 103կմ – 1ժ 35ր
Հիմնադրումը՝ 4-5-րդ դար

Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի մոտ, Ախուրյանի ափին պահպանվել է 4-5-րդ դարերում կարմրավուն տուֆից կառուցված եռանավ բազիլիկան՝ Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը: Ըստ մասնագետների՝ այն վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է: Նիկողայոս Մառի վերծանած արձանագրության համաձայն՝ այն կոչվել է Սբ. Կարապետ: ունեցել է վեց սյուն: Երերույքի տաճարը հսկա բազլիկ է՝ կառուցված աստիճանաձև հիմքի վրա, որը կոչվում է ստիլոբատ:
Համաձայն ժողովրդական ստուգաբանության՝ Երերույքի տաճարի անվանումն առաջացել է սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծումների շնորհիվ. հեռվից նայելիս թվացել է թե կառույցը երերում է, այսինքն թեթևակիորեն շարժվում է: Տաճարն իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության տարրերն ու ավանդույթները: Հայ պատմիչները լռում են, սակայն, նրա մասին: Մեզ հասած որևէ ձեռագիր մատյանում նրա մասին չի հիշատակվում:

Տաճարի մուտքերից մեկի մոտ պահպանված արձանագրությունը վկայում է, որ 11-րդ դարում Բագրատունյաց Հովհաննես-Սմբատ թագավորի կինն աջակցել է տաճարի վերանորոգման աշխատանքներին: 2010-11 թվականներին այստեղ աշխատել են ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանցի հնագետներ, սակայն ինչպես նախկին, այնպես էլ այս ուսումնասիրությունները ցանկալի արդյունք չտվեցին:
Եկեղեցին մեծ համալիրի կազմում է գտնվում բաղկացուցիչ այլ կառույցների հետ: Բայց մասնագետներն առեղծվածային են համարում դրանց գոյությունն ու կապը միմյանց հետ: Եկեղեցու շուրջ մի պարիսպ է կառուցված, դրանից դուրս՝ ստորգետնյա սենյակներ և այլ շինություններ, ավելի նորքև՝ ձորակի մեջ՝ տարօրինակ մի կառույց, իսկ ավելի հեռու՝ ջրամբարի պատնեշ ու նույնիսկ բնակավայր:
Տաճարի հարևանությամբ, ցածրադիր մասում երկու քարայրների մուտքեր են, իսկ դրանց վերնամասում գետնի վրա անցքեր են նկատվում, որոնցից էլ լուսավորվում են ներքևում գտնվող քարայրների ընդարձակ սրահները: Ենթադրվում է նաև, որ այդ անցքերը երդիկի դեր են կատարել:
Տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ նորածինների թաղումներ, և դրանց մեծաքանակությունը հուշում է, որ այն, ամենայն հավանականությամբ կապված է ինչ-որ աղետի հետ: Պրովանսի համալսարանի հայագիտության դասախոս, հնագետ Պատրի Տոնապետյանը, 2011-ի պեղումներից հետո կարծիք է հայտնել, որ դա կապ է ունեցել եկեղեցու բնույթի հետ. Երերույքի տաճարը նվիրված է եղել սուրբ Հովհաննես Մկրտչին, որը շատ սիրված է եղել Հայաստանում: Լինելով Հիսուսի մկրտիչը՝ գուցե մարդկանց պատկերացման մեջ թույլ է տվել այստեղ թաղել նորածին երեխաներին, ովքեր դեռ մկրտված չեն եղել: Ամենայն հավանականությամբ՝ այս թաղումները կատարվել են 5-6-րդ դարերում: