Թանահատի վանք

tanahat

Գտնվելու վայրը՝ Վայոց Ձորի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 85 կմ – 2 ժ 21 ր
Հիմնադրումը՝ 8-րդ դար

Թանադե կամ Թանահատի վանքը հայկական ճարտարապետական հուշարձաններից է, գտնվում է Վերնաշեն գյուղի մոտ: Պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից մինչև ուշ միջնադար: Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոններից: Հայ բանաստեղծ, կրոնական և քաղաքական գործիչ Ստեփանոս Օրբելյանը Թանահատը համարում է այն իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո) Սյունիքի վանքերի շարքում: Վանքը քանդվել է 17-րդ դարի երկրաշարժից: Վանքի Սբ. Ստեփանոս Նախավկա միանավ եկեղեցին, կառուցված 1273-79 թվականներին Պռոշյանների հովանավորությամբ, կիսավեր է: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է: Գմբեթի վերսլաց թմբուկը պսակված է հովհարաձև վեղարով: Եկեղեցին հարուստ է արժեքավոր արձանագրություններով ու կենդանակերպ քանդակներով: Պատերից մեկին քանդակված է Պռոշյանների տոհմական զինանշանը՝ թևատարած արծիվ, մագիլներում` խոյ, վեղարի տակ` եզան գլուխ, ցուլի վրա հարձակվող առյուծ:

Մյուս պատին` արևի ժամացույցի վրա, քանդակված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգ: Հուշարձանին հյուսիսից կից է 13-րդ դարում կառուցված Սբ. Նշան միանավ եկեղեցին, որի մուտքի ճակատակալ քարին էլ քանդակված է Պռոշյան իշխանական տոհմից երիտասարդ հեծյալ, որը խրել է իր նիզակը առյուծի երախի մեջ: Թանահատի վանքի քանդակները միջնադարյան հայկական աշխարհիկ պատկերաքանդակների արժեքավոր նմուշներ են:
Պեղումների արդյունքում վանքի մոտ բացվել են զույգ ավանդատներով միանավ եկեղեցի, բնակելի շենքեր, բազմաթիվ տապանաքարեր: Ենթադրվում է, որ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը: Թանադե վանքի հուշարձանախումբը, մասնավորապես՝ Սուրբ Ստեփանոս և Սուրբ Նշան եկեղեցիները, նորոգվել ու ամրացվել են 1984 թվականին, բարեկարգվել է տարածքը: