Սևանավանք

sevanavank

Գտնվելու վայրը՝ Գեղարքունիքի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 68կմ – 52ր
Հիմնադրումը՝ 9-րդ դար

Սևանավանքի վանական համալիրը գտնվում է Սևանի թերակղզու վրա: 305թ.-ին այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ հեթանոսական մեհյանի տեղում եկեղեցի կառուցելով: 9-րդ դարում Մաշտոց Ա Եղիվարդեցին միաբանություն է հիմնել և 871-874-ին Սյունյաց Մարիամ Բագրատունի իշխանուհու մեկենասությամբ կառուցել Սևանի վանքի Սբ. Աստվածածին և Ս. Առաքելոց եռախորան, արևմուտքում ուղղանկյուն խաչաթևերով, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները: Նշանավոր է Սբ. Առաքելոց եկեղեցու քանդակազարդ դուռը (ընկուզենու փայտ, 1486թ. Քանդակագործ Աբրահամ): Սբ Աստվածածին եկեղեցին արևելյան կողմում ունի զույգ ավանդատներ և առագաստային գմբեթատակ փոխանցում, որն այդ ժամանակաշրջանում հազվադեպ էր հանդիպում: Եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ (կանգուն էր մինչև 1930-ական թթ.), որի փայտե 4 սյուները պսակված էին քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են պատմության թանգարանում և հայկական միջնադարյան կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ են համարվում:

1451թվականին Սևանի վանքում վարդապետարան է հիմնվել, 1869թ.-ին՝ բացվել է հոգևոր դպրոց: Հին հայկական ավանդազրույցը պատմում է, որ Աշոտ Երկաթ արքան իր եղբոր՝ Աբասի հետ միասին երդվեցին, որ դուրս կքշեն արաբ թշնամիներին հայկական տարածքից: Չնայած ուժերի խիստ անհավասարությանը՝ նա պաշպանողական դիրք գրավեց Սևանավանքում: Վաղ առավատյան Սևանա լճի վրա թանձր մառախուղ նստեց: Մշուշի մեջ հայկական լաստանավակները՝ վառվող ջահաբոցերով սկսեցին շարժվել առաջ: Արաբները նավակներով հետևեցին նրանց: Աշոտ արքան շրջանցեց նրանց հետևի կողմից, իր սակավաթիվ զինվորներով հարձակվեց նրանց վրա ու ստիպեց նահանջել: Ասում են արևի ճառագայթներն էլ այդ օրն այնքան ուժեղ էին լուսարձակում, որ թշնամին հայերի նավակների ուղղությամբ կրակելիս չէր կարողանում ճշգրիտ նշան բռնել։