Սուրբ Շողակաթ եկեղեցի

shoghakat

Գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 21 կմ – 26 ր
Հիմնադրումը՝ 7-րդ դար

Սուրբ Շողակաթ եկեղեցին միջնադարյան ճարտարապետական հուշարձան է Վաղարշապատ քաղաքում (Էջմիածին): Ըստ ավանդության, երեսուներկու հռոմեական քրիստոնյա կույսեր Հռիփսիմեի գլխավորությամբ, հալածվելով Հռոմի Դիոկղետիանոս կայսրի կողմից, փախչում և ապաստանում են Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, որտեղ սկսում են քարոզել իրենց ուսմունքը: Սակայն քանի որ դա արգելված էր (Հայաստանում քրիստոնեութունը պաշտոնապես դեռ չէր ընդունվել), հայոց Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյանց կույսերը մեկուսացվում և սրատվում են տարբեր վայրերում: Սուրբ Մարիանե կույսի սրատման տեղում, ուր քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել», հիմնադրվում է Սբ. Շողակաթ եկեղեցին: Այժմյան գմբեթավոր դահլիճի հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694-ին կարմիր ու սև գույնի սրբատաշ տուֆից: Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի հուշարձաններին, ինչը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի շինության հիմքերի վրա:

Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման: Արևմուտքից կից է գավիթ-սրահը՝ պսակված զանգակատան ութասյուն ռոտոնդայով, արևմտյան ճակատի կենտրոնում՝ կամարակապ մեծ բացվածքով:
Պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու ավերակները: Հարավային պատին արտաքուստ կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը: Մուտքերը երկուսն են: