Սուրբ Կարմրավոր եկեղեցի

karmravor

Գտնվելու վայրը՝ Արագածոտնի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 24կմ – 30ր
Հիմնադրումը՝ 7-րդ դար

Աշտարակ քաղաքի բարձրադիր հատվածում կանգնած է փոքր ու պարզ, բայց գեղեցիկ ու խորհրդավոր Սբ. Աստվածածին կամ Կարմրավոր եկեղեցին: Ցավոք մեզ հայտնի չեն եկեղեցու հիմնադրման տարեթիվը և այն կառուցող ճարտարապետի անունը, սակայն եկեղեցու պատերը երիզող մեկտողանոց արձանագրությունից ենթադրվում է, որ այն հանդիսանում է 7-րդ դարի հայկական ճարտարապետության հուշարձան:
Ըստ ավանդության, դարեր առաջ Աշտարակում ապրում էին երեք քույրեր, որոնք սիրահարվում են միևնույն երիտասարդի՝ Սարգիս անունով: Երկու ավագ քույրերը որոշում են զոհաբերել իրենց և իրենց սերը՝ հանուն կրտսեր քրոջ երջանկության ու սիրո: Նրանք՝ կարմիր և ծիրանագույն զգեստներ հագած, նետում են իրենց անդնախոր ձորը: Քույրերի մահվան լուրն իմանալով՝ փոքր քույրն էլ սպիտակ զգեստ է հագնում ու նույնպես նետվում ձորը: Սարգիսն իր դառը վշտից ճգնավոր է դառնում: Ձորի եզրին հետագայում երեք եկեղեցի է կառուցվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Սբ. Կարմրավորը կենտրոնակազմ խաչաձև գմբեթավոր կառույցների բնորոշ և անաղարտ պահպանված նմուշներից է: Ըստ նորագույն հետազոտությունների, այս տիպը Հայաստանում զարգացած է եղել դեռևս 5-րդ դարում և ունեցել բազմաթիվ օրինակներ: Եկեղեցին արտաքուստ և ներքուստ խաչաձև, տրոմպային փոխանցումով գմբեթավոր կառույց է: Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է: Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ: Վարպետորեն ընտրված համաչափությունների շնորհիվ ներդաշնակված ծավալներով կառույցը միաձույլ արձանի տպավորություն է թողնում:
Կարմրավորի շուրջը տեղադրված են հետաքրքիր խաչքարեր, որոնցից հայտնի է Ծակ-Քարը: Իր անունն այն ստացել է պատվանդանում ունեցած անցքի պատճառով: Հայտնի է, որ 18-րդ դարում Կարմրավորը եղել է նաև կուսանաց վանք: Այնտեղ պահպանված են Կալկաթայից բերված հնդկական մի նկարազարդ վարագույր և Շուխյանց ընտանիքի կողմից նվիրաբերված Շուխոնց ձեռագիր ավետարանը: Եկեղեցու բակում թաղված է հայ նշանավոր բանաստեղծ Գ. Էմինը, որը բանաստեղծության տեսքով փողած իր կտակում ցանկությունն է հայտնել հավերժորեն ամփոփվելու հենց Կարմրավոր եկեղեցու բակում: