Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

hripsime

Գտնվելու վայրը Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ
Հեռավորությունը Երևանից՝ 19կմ – 2
Establishment: 7-րդ դար

Հայկական ճարտարապետական հանճարի գլուխգործոցներից մեկը՝ Հռիփսիմեի տաճարը, կառուցվել է 7-րդ դարում:
Ավանդությունը պատմում է, որ Հռիփսիմեի տաճարը կառուցվել է հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում: 5-րդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն» գրքում բերում է այդ ավանդությունը: Երեսուներկու հռոմեական քրիստոնյա կույսեր, որոնց մեջ էր նաև Հռիփսիմեն, հալածվելով Հռոմի Դիոկղետիանոս կայսրից, փախչում և ապաստանում են Հայաստանի Վաղարշապատ մայրաքաղաքում: Այստեղ նրանք սկսում են քարոզել իրենց ուսմունքը: Բայց քանի որ դա արգելված էր (այն ժամանակ Հայաստանում քրիստոնեութունը պաշտոնապես դեռ չէր ընդունվել), հայոց Տրդատ արքայի հրամանով նրանք մեկուսացվում և սրատվում են տարբեր վայրերում: Վաղարշապատից ոչ հեռու ընկած մի բլրակի վրա սրատվում է Հռիփսիմեն: Եվ այն վայրում, ուր, ըստ ավանդության, սպանվել և թաղվել է Հռիփսիմեն, 395թ. Կաթողիկոս Սահակ Պարթևը մատուռ է կառուցում:

Այնուհետև 618թ. Կաթողիկոս Կոմիտաս Աղցեցին, քանդելով այդ նեղ ու ցածրիկ մատուռը, կառուցում է Հռիփսիմեի տաճարը:
Հռիփսիմեի տաճարը 5-6-րդ դարերի Հայաստանի գմբեթավոր եկեղեցիների առավել կատարելագործված օրինակն է: Նրանում ներդաշնակ լուծում են ստացել եկեղեցական շենքի գործառական, կառուցվածքային և գեղարվեստական հարցերը: Տաճարը ներսից ունի ամբողջական և գեղեցիկ սրահ: Այն ձևավորված է մեծ ու փոքր ութ խորշերով և նրանց կամարներին հանգչող կորնթարդ գմբեթով: Դրսից տաճարն ունի տարբեր բարձրության ու ձևի տանիքներ: Գմբեթը ծածկված է սրածայր գլխարկով, որն անվանում են վեղար: Արտաքուստ պատերին արված են երկուական խորշեր, որոնք լույսի ու ստվերի խաղով ասես կենդանություն են հաղորդում կառուցվածքին: Հռիփսիմեի տաճարի այս արտաքին խորշերը նորարարություն էին շինարվեստում, և օտարազգի գիտնականները դրանք անվանում են «հայկական խորշեր»:
17-րդ դարում տաճարը նորոգել են, ապա արևմտյան ճակատին կից կառուցել այժմյան զանգակատունը, ավելի ուշ պարսպապատել են, լրացրել օժանդակ շինություններով:
1958թվականին կատարված վերանորոգումների և պեղումների ժամանակ պարզվել է, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում: