Սաղմոսավանք

saghmosavank

Գտնվելու վայրը՝ Արագածոտնի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 34 կմ – 35 ր
Հիմնադրումը՝ 13-րդ դար

Սաղմոսավանքի վանական համալիրը տեղակայված է Քասաղ գետի աջ ափին, Սաղմոսավան գյուղում: Ըստ ավանդության՝ Սաղմոսավանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: Վանքի գլխավոր Սուրբ Սիոն եկեղեցին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215թվականին: Սբ. Սիոնը Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն եկեղեցի է՝ բարձր գլանաձև թմբուկով և կոնաձև վեղարով գմբեթով: Եկեղեցու ճակատները մշակված են հայկական խորշերով: 1215-35թթ. – ին Վաչե Վաչուտյանը Ս. Սիոն եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառասյուն գավիթ, որի առաստաղի կենտրոնական հատվածն ունի 12 նիստանի քարե վրանաձև ծածկ, երդիկի վրա բարձրացող վեց սյունանի նրբագեղ ռոտոնդա: Գավթի ծածկի համակարգը հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է: 1255-ին կառուցվել է գրատունը: Անանուն ճարտարապետն օգտագործել է Ս. Սիոն եկեղեցու, գավթի և նրանցից հարավ-արևելք գտնվող Ս. Աստվածածին թաղածածկ եկեղեցու միջև ընկած տարածքը:

Նա հմտորեն լուծել է գրատան տեղադրության դժվարությունները՝ ծածկի համար կիրառելով խաչվող կամարներով բարդ համակարգ: Գրատան տանիքին կանգուն 8 սյունանի ռոտոնդայով վանքը ստացել է եռագմբեթ գեղատեսիլ ուրվագիծ: Դեպի հյուսիս վանքի գերեզմանատունն է՝ 13-14-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերով: 1250թվականին Սաղմոսավանքում դպրոց է հիմնվել: 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վանքը զգալիորեն տուժել է, բայց վերանորոգումների ու վերակառուցումների շնորհիվ 2000 թվականին այն կրկին կանգնել է իր նախկին շքեղությամբ ու խորհրդավորությամբ: Վանքի գավիթը և գրատունը 13-րդ դարի հայկական աշխարհիկ ճարտարապետության ուշագրավ օրինակներից են: Այս գրատանը երկար տարիներ շարունակ գրվել, ընդօրինակվել ու նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մի քանիսը պահպանվել են մինչև օրս: