Քոբայրի վանք

qobayr

Գտնվելու վայրը՝ Լոռու մարզ,
Հեռավորությունը Երևանից՝ 166 կմ – 2 ժ 20 ր
Հիմնադրումը՝ 12-րդ դար

Քոբայրի վանքը 12-13-րդ դարերի վանական համալիր է, որը գտնվում է Քոբեր գյուղի կայարանին կից ավանի արևմտյան կողմում: Վանքի տարածքից վեր կան բազմաթիվ բնական և արհեստական այրեր, որոնց հետ է կապվում «Քոբայր» տեղանունը: Քոբայրին վերաբերող հնագույն հիշատակություններ պահպանվել են Մխիթար Այրիվանեցու և Վարդան Արևելցու մոտ: Վանքը պատկանել է Բագրատունիների տոհմի Կյուրիկյանների ճյուղին, ապա անցնելով Զաքարյանների տոհմի վրացադավան ներկայացուցիչներին՝ 13-րդ դարի կեսին վերածվել է քաղկեդոնիկ վանքի: Դրանով է պայմանավորված վանքի որոշ շինությունների վրա վրացերեն արձանագրությունների առկայությունը:
Քոբայրի վանքը եղել է հյուսիսային Հայաստանի հոգևոր և մշակությաին կենտրոն, գրչության օջախ: Այստեղ է գործել 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցին: Նրա գործունեության տարիներին վանքը եղել է միջնադարյան Հայաստանի կարևորագույն մշակութային կենտրոններից և գրչօջախներից մեկը:

Վանքի համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից և մատուռներից: Քոբայրի վանքի հնագույն կառույցը Մարիամաշեն միանավ, թաղածածկ եկեղեցին է՝ տեղադրված համալիրի արևելյան մասում՝ ժայռի եզրին: Այն 1171թ.-ին կառուցել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը: Իսկ գլխավոր եկեղեցին միանավ թաղածածկ դահլիճ է, որի ավագ խորանն ունի երկու շարքով տեղադրված 5 լուսամուտ: Արևելյան պատը կանգուն է ողջ բարձրությամբ և աչքի է զարնում իր ճոխ հարդարանքով:
Քոբայրի վանքը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են գլխավոր եկեղեցին, մատուռը, սյունասրահը և զանգակատուն-տապանատունը:
Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է: Համալիրն առանձնանում է ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, ընդհանուր պատճառաբանված հորինվածքով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: