Մակարավանք

makaravanq

Գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ
Հեռավորությունը Երևանից՝ 150 կմ – 2 ժ 5 ր
Հիմնադրումը՝ 13-րդ դար

Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից ոչ հեռու Աչաջուր գյուղի մոտակայքի Պայտաթափ լեռան ստորոտում: Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի լայնատարած տափաստանները, հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը: Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդակազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը: Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, գավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից: Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում է հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու մոտ: Նա ասում է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար:

Ըստ վանքի տարածքում պահպանված խաչքարի արձանագրության՝ այն հիմնադրվել է 1205 թվականին:
Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատակագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով: Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը: Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը, որը հավանաբար եկեղեցին քանդակազարդող վարպետ – ճարտարապետն է՝ «Երիտասարդ» մակագրությամբ:
Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, ըստ որի՝ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին: Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր: Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը: Օրերից մի օր վարպետ Մակարը նկատում է, որ քարերն իրար չեն համընկնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն: Վերևից հարցնում է թե ինչ է պատահել որդուն, պատասխանում են, որ հիվանդ է: Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում: Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն անվանում Մակարավանք: