Խոր-Վիրապի վանք

khor-virap

Գտնվելու վայրը՝ Արարատի մարզ
Հեռավորությունը Երևանից՝: 44 կմ – 40 ր
Հիմնադրումը՝ 5-րդ դար

Խոր Վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է հայոց դարձի՝ քրիստոնեությունը Հայաստանում կրոն ընդունելու, և մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:
Պատմիչ Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս տևական տանջանքներից հետո քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորչին նետել է տալիս Արտաշատի արքունի՝ մահվան դատապարտվածների գուբը՝ խորունկ փոսը, որը հայտնի է «Վիրապ Արտաշատա» անվամբ: Թունավոր սողունների հարևանությամբ՝ Գրիգորը վիրապում մնացել է գրեթե 14տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր մի կլոր բլիթ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը վիրապից ազատվել է Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Նրան ազատելու հրաման է արձակել ինքը՝ Տրդատը, երբ Գրիգորը բուժել է նրա անբուժելի հիվանդությունը: Այնուհետև, արքայի թույլտվությունն ու աջակցությունը ստանալով, Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը դարձրեց Հայաստանի պետական կրոն:

Ամեն տարի մարտ ամսին նշվում է հայ առաքելական եկեղեցու տոներից մեկը «Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապն», իսկ հունիսին՝ «Սբ. Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապեն»:
5-րդ դարում վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել: Մոտ 642թվականին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա եկեղեցի է կառուցել, որը, ըստ պատմական աղբյուրների, նման է եղել Զվարթնոցին: 13-րդ դարից Խոր Վիրապի վանքը, համազգային սրբավայր լինելով հանդերձ, դարձել է նաև կրթության ու գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: 16-րդ դարում քաղաքական ու տնտեսական խիստ անբարենպաստ դրության հետևանքով Խոր Վիրապի վանքի շինությունները խիստ վնասվել են, ապա երկրաշարժից ավերվել է նաև վանքի Սբ. Աստվածածին գլխավոր եկեղեցին:
Խոր վիրապի վանքից արևմուտք գտնվում է «Օթյաց Խաչ» սրբավայրը, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները:
Խոր վիրապի վանքի վանահայր Դավիթ Վիրապեցին 17-րդ դարում վերակառուցել է այդ եկեղեցին, վանքի շենքերը, պարիսպներն ու կից շինությունները: 1970-80թվականներին արժանահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի հոգածությամբ նորոգվել են Խոր վիրապի վանքի կիսավեր պարիսպները, խուցերը, տնտեսական շինությունները, կառուցվել է մատաղատուն:
Խոր Վիրապի վանքը 17-րդ դարի Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակ է: Խոր Վիրապը հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի: Վանքի տոնակատարության օրը Կրկնազատկի կիրակին է: