Հաղարծնի վանք

Գտնվելու վայրը՝ Տավուշի մարզ 
Հեռավորությունը Երևանից՝ 74կմ – 1ժ 34ր
Հիմնադրումը՝ 12-րդ դար

Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ:
Հաղարծինի հուշարձանախումբը տեղադրված է բնակավայրերից հեռու, անտառապատ լեռներով շրջապատված սարահարթի վրա, այն ուշագրավ է համակառույցի մեջ մտնող ճարտարապետական բարձրարժեք հուշարձաններով և հարյուրից ավելի բազմաբովանդակ վիմական արձանագրություններով, որոնք հարուստ նյութ են բովանդակում միջնադարյան Հայաստանի սոցիալ-քաղաքական պատմության վերաբերյալ:
Հաղարծնի վանքի միաբանությունը Գոշավանքի, Հաղպատի և Վարագավանքի հետ միասին մասնակցել է երկրում կրթական գործի ծավալմանը և հայ եկեղեցու դավանանքը պահպանելու համար մղված երկարատև ու համառ պայքարին:

Պատմական աղբյուրները, սակայն, շատ աղոտ տեղեկություններ են տալիս այս նշանավոր հուշարձանախմբի մասին: Հաղարծնի վանքի կառուցման թիվը ստույգ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ 12-րդ դարի կեսերին այն արդեն գոյություն ուներ:
Հաղարծնի վանքի հետ է կապված միջնադարի ակնառու գործիչ, առաքինի և գիտությամբ հռչակված, երաժիշտ Խաչատուր Տարոնացու անունը: Նրա առաջնորդության տարիներին ծաղկում ապրեց Հաղարծնի վանքը, կատարվեցին նոր կառուցումներ, բացվեց վանական նշանավոր դպրոցը: Մեծ երախտավորը վախճանվել և թաղվել է Հաղարծնում՝ Կաթողիկե եկեղեցու առջև:
Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքի գլխավոր և ամենամեծ եկեղեցին է՝ քառանկյունի հատակագծով, ներսից խաչաձև, ուղղանկյուն խաչթևերով շինություն: Երեսպատման քարերը կապույտ բազալտից և դեղին կրաքարից են:
Հաղարծնի վանքային համակառույցի բաղադրիչներն են նաև Սուրբ գրիգոր եկեղեցին՝ արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, ութանիստ թմբուկի վրա հանգչող ու սրածայր վեղարով պսակված գմբեթով, գավիթը կամ ժամատունը, Կաթողիկե եկեղեցին, Սուրբ Ստեփանոս եկեղեցին, սեղանատունը, թագավորական տապանատունը: