Դադիվանք

dadivank

Գտնվելու վայրը՝ Արցախ
Հեռավորությունը Երևանից՝ 400 կմ – 6 ժ
Հիմնադրումը՝ 12-13-րդ դար

Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև, Տրտու գետի ձախ ափին, անտառապատ փոքրիկ բլրի վրա, եղել է Արցախի հնագույն սրբավայրերից մեկը: Ժամանակին այսեղ եղել է Խութ բնակավայրը: Ըստ ավանդության, դեռևս 1-ին դարում այստեղ է գալիս Սուրբ Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը՝ Դադին, և նահատակվում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվում է վանք, որն ի պատիվ նրա կոչվում է Դադիվանք, իսկ ըստ տեղանքի՝ Խութավանք: Իսկ արդեն 5-րդ դարում այն հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ: Վանքային համալիրը բազմիցս ենթարկվել է օտարների հարձակումներին, ավերվել ու կողոպտվել նրանց կողմից, սակայն նորից վերանորոգվել ու վերականգնվել է:
Համալիրի ներկայիս պահպանված շինությունները 12-13-րդ դարի կառույցներ են: Գլխավոր եկեղեցին՝ Կաթողիկեն, կառուցել է իշխան Վախթանգի կինը՝ Արզու խաթունը: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է:

Թմբուկն ու ճակատները հարդարված են դեկորատիվ կամարաշարով: Ներսում որմնանկարներ են: Զանգակատան խորշում վանքի առաջնորդ Աթանասը կանգնեցրել է նուրբ զարդաքանդակներով երկու հոյակապ խաչքար: Դեպի հյուսիս բացառիկ մեծ չափերով միանավ եկեղեցին է: Առանձին կանգնած է մյուս եկեղեցին՝ գմբեթավոր դահլիճ հորինվածքով: Վանքն ունի օժանդակ շինություններ՝ սեղանատուն, ժամատուն, հյուրատուն, միաբանության խցեր, գրատուն: Վանքը հարուստ է խաչքարերով, նուրբ քանդակներով, արձանագրություններով: Դադիվանքի տարածքում եղած խաչքարերն իրապես համարվում են հայոց խաչքարային արվեստի լավագույն նմուշներ: Վանքի խցերից մեկը Գրքի քարանձավն է՝ Թարթառ կամ Տրտու գետի ափին: 19-րդ դարում պատահաբար հայտնաբերված այս քարանձավը որպես գաղտնարան է ծառայել գրքերի պահպանման համար:
Դադիվանքը միջնադարյան հայկական լավագույն և խոշոր ճարտարապետական համալիրներից է, արժեքավոր՝ հատկապես աշխարհիկ և եկեղեցական շենքերի մեծ քանակով, բազմազանությամբ, դեկորի ու ճարտարապետական հորինվածքների ինքնատիպությամբ: