Էջմիածնի մայր տաճար

ejmiadzin

Գտնվելու վայրը՝ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ
Հեռավորությունը Երևանից՝ 23կմ – 25րոպե
Հիմնադրումը՝ 4-րդ դար

301թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հայտարարվեց որպես պետական կրոն, Վաղարշապատ քաղաքում (նախկին Էջմիածին) կառուցվեց մայր տաճարը, որն անվանվեց Էջմիածին: Ավանդությունն այդ անվան ծագումը բացատրում է այսպես. Հայաստանում քրիստոնեությունը տարածող Գրիգոր Լուսավորչին մի տեսիլ է երևում, ըստ որի, երկնքից հայտնված հրեղեն սյան միջով երկիր է իջնում Քրիստոսը և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատում գտնվող Սանդարամետ բլուրը՝ իբրև տաճարի կառուցման վայր: Հենց այդտեղ էլ հիմնվում է տաճարը՝ կոչվելով Էջմիածին, ասել է թե այն տեղը, ուր իջել է Աստծո միածին որդին: Տաճարի ներսում՝ գլխավոր գմբեթի տակ, կա ավանդական մի սեղան, որ «իջման սեղան» է կոչվում: Ըստ պատմական վկայությունների՝ Էջմիածնի տաճարի նախնական շենքը կառուցվել է 301-303թթ. – ին Տրդատ 3-րդ թագավորի և Գրիգոր Լուսավորչի օրոք: Տաճարն իր գոյության ավելի քան մեկուկես հազարամյակի ընթացքում ենթարկվել է բազում վերակառուցումների, որի հետևանքով զգալիորեն խախտվել են նրա նախնական ձևերը:

Վերջին վերականգնողական աշխատանքները կատարվել են 1955-57թթ. – ին: Ամրացվել են շինության հիմքերը, մարմարապատվել է հատակը, զարդանախշվել են տաճարի ներսի պատերը: Հսկայական աշխատանքներ են կատարվել տաճարի շրջակա տարածքում, կանաչապատվել և պարսպապատվել է տարածքի շուրջբոլորը: Սուրբ Էջմիածինը համարվում է Հայաստանյան առաքելական եկեղեցու պատմական կենտրոնը, որտեղ գտնվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը: Սբ. Էջմիածինը Ամենայն հայոց կաթողիկոսության Աթոռանիստն է 1441թվականից սկսած: Հայ եկեղեցու առաջին Հայրապետն է եղել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, իսկ Գարեգին Բ-ն՝ 132-րդն է: Առավել նշանակալից աշխատանքներից է տաճարի ներքին պատերի որմնազարդումը: Գմբեթի ներսում փորագրված արձանագրության համաձայն, որմնանկարների հեղինակը հայ մեծանուն նկարիչ Նաղաշ Հովնաթանյանն է: Վանքի համակառույցի մեջ են մտնում նաև կաթողիկոսական պալատը, հին վեհարանը, ճեմարանը, հյուրանոցը և բազմաթիվ այլ կառույցներ: Էջմիածնի մայր տաճարը ստեղծման օրից մինչև մեր ժամանակները եղել և մնում է որպես հայ ժողովրդի սրբավայր և հայոց հոգևոր կենտրոն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2000 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ՝ Սբ. Էջմիածնի Մայր տաճարը դասվել է համաշխարհային մշակութային արժեքների շարքին: