Ամարասի վանք

amaras

Գտնվելու վայրը՝ Արցախ, գ. Ամարաս
Հեռավորությունը Երևանից՝ 371 կմ – 5 ժ 54ր
Հիմնադրումը՝ 4-րդ դար

Ամարասի վանքը գտնվում է Արցախում, Մարտունիից 10 կմ հարավ, Խազաղի և Լուսավորչի սարերի միջև ընկած գոգավորությունում, Ամարաս գյուղաքաղաքի մոտ: Վանքը 4-րդ դարում հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Շինարարական աշխատանքներն ավարտել է նրա թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը: Նույն 4-րդ դարում պարսիկներն ավերել են այն, սակայն 5-րդ դարի վերջին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը վերականգնել է այն և Ամարասում թաղված Գրիգորիսի գերեզմանի վրա կառուցել է մատուռ: Վանքն եղել է գավառի եպիսկոպոսանիստ կենտրոնը, ուր իրականացվել է մեծածավալ մշակութային, կրթական և տնտեսական գործունեություն: Մեսրոպ Մաշտոցն այստեղ է բացել Արցախի առաջին հայկական դպրոցը: Ամարասի վանքը շատ է տուժել վայրագ ցեղերի ասպատակություններից: Վանքին մեծ ավերածություններ են պատճառել թուրք-սելջուկներն ու թաթար-մոնղոլները: Չնայած այսպիսի ճակատագրին՝ Ամարասի վանքը չի կորցրել իր եպիսկոպոսական աթոռը և անգամ ծանր պայմաններում մնում էր աշխույժ կյանքով ապրող հոգևոր միաբանության կենտրոն:

Այստեղ անընդմեջ գործել է դպրոցը, ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հասել են մինչև մեր օրերը: Վանքը զգալի բարգավաճում է ապրում 16-րդ դարում: Իսկ 19-րդ դարում Շուշիի հայերի միջոցներով, շուշեցի քարագործ վարպետները կառուցում են ներկայիս Սբ.Գրիգորիս եկեղեցին, որի խորանի տակ պահպանվում է նրա դամբարանը:
Ամարասը Հայաստանի մեծագույն սրբություններից մեկն է: Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նվիրված Արցախի թեմի հոգևոր արարողություններին վանքը ներկայացավ իր վեհաշուք տեսքով: